Փաշինյանին ԱԳՆ-ն չէ՞ր զեկուցել, որ արդեն արձագանքել է Վենեսուելայում տեղի ունեցող դեպքերին
Վենեսուելայում, արդեն քանի օր է՝ հակակառավարական ցույցեր են տեղի ունենում՝ ընդդեմ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության: Ավելի վաղ ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն երկրի ժամանակավոր առաջնորդ էր հռչակել: ԱՄՆ-ի, Արգենտինայի, Կանադայի, Պերուի, Կոլումբիայի և մի շարք այլ երկրների իշխանություններն աջակցում են ցուցարարներին՝ պահանջելով Մադուրոյի հրաժարականը։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նաև հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած միջոց ձեռնարկել Վենեսուելայում բնակվող իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։
Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին այսօր՝ հունվարի 25-ին, Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողներից մեկի՝ հայաստանյան և վենեսուելյան հեղափոխական իրադարձությունների զուգահեռ անցկացնող հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Փաշինյանը Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, և ում է նա պաշտպանում, այն դեպքում, երբ արդեն դիրքորոշում են հայտնել աշխարհի տարբեր առաջնորդներ՝ Ռուսաստանի իշխանությունները աջակցում են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, սակայն Հայաստանի հարևան Վրաստանը և մի քանի այլ երկրներ, այդ թվում՝ եվրոպական, աջակցում են ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին, Փաշինյանը, նախ պատասխանեց, որ Հայաստանի և Վենեսուելայի իրադարձությունները տարբեր են:
«Բարեբախտաբար՝ մեզ մոտ բախումներ չեն եղել, չեն եղել զոհեր, իսկ Վենեսուելայում, ցավոք, զոհեր կան: Երկրորդ՝ Հայաստանում տեղի ունեցած գործընթացն ամբողջությամբ համապատասխանել է այն գործընթացներին, որոնք նախատեսված են ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ: Վենեսուելայի դեպքում հասկանալի չէ՝ որքանով է այդ ամենը համապատասխանում երկրի Սահմանադրությանը»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի առաջին տպավորությունն այն է, որ վենեսուելական իրադարձությունները հակասահմանադրական են: «Ամեն դեպքում՝ ցանկացած որոշում պետք է առաջին հերթին ընդունելի լինի Վենեսուելայի ժողովրդի համար»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանն իր այդ ճեպազրույցում ասում է նաև, թե Հայաստանը դեռևս չի արձագանքել Վենեսուելայի իրադարձություններին, այն դեպքում, երբ ՀՀ Արտգործնախարարության խոսնակը երեկ արձագանքել էր Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին՝ ի պատասխան լրատվամիջոցներից մեկի հարցի:
«Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա», – Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Իսկ Փաշինյանի ճեպազրույցից ավելի քան մեկ ժամ առաջ ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հաղորդագրություն:
«Ուշադիր հետևում ենք #Վենեսուելա‘յում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»,- ասված էր կարճ հաղորդագրության մեջ։
Փաստորեն, վարչապետը տեղյակ չէր, որ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է վենեսուելյան իրադարձություններին։