ԵԱՏՄ-ին նոր պետությունների անդամակցման շուրջ կոնկրետ բանակցություններ չկան
Եվրասիական տնտեսական միությանը նոր պետությունների անդամակցման շուրջ կոնկրետ բանակցություններ չկան: Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց անցած տարի, եթե չեմ սխալվում, Մոլդովան ստացել է դիտորդի կարգավիճակ Եվրասիական տնտեսական միությունում: Այսինքն, սա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն ամենամոտը Մոլդովան կարելի է համարել: Դա նաև կախված է այդ երկրի ներքաղաքական իրավիճակից: Դուք գիտեք, որ Մոլդովայում փետրվարին նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, ինչից հետո հասկանալի կլինի, թե ինչպես կզարգանան Եվրասիական տնտեսական միության և Մոլդովայի հարաբերությունները»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նա հավելեց, որ հիմա ավելի կարևոր գործընթաց է գնում. Եվրասիական տնտեսական միության հետ բանակցություններ են վարվում ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ : «Այս պահին բանակցություններ են ընթանում Սինգապուրի, Եգիպտոսի, Իսրայելի, Սերբիայի, դեռ անցած տարի փաստաթղթեր են ստորագրվել Իրանի, Չինաստանի հետ: Սա շատ կարևոր գործընթաց է, որովհետև Եվրասիական տնտեսական միությունում բիզնեսի համար նոր հնարավորություններ են բացվում: