
Հույս ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կդառնա Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը: Այս մասին ՀՀ վարչապետն ասաց Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեզ համար առաջնահերթություն է: Հիմա Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրեր կան տեխնոլոգիական ոլորտում, և մենք հույս ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը: Իհարկե, թվային օրակարգը շատ կարևոր է նաև Եվրասիական տնտեսական միության համար: Մենք քիչ առաջ Տիգրան Սարգսյանի հետ հենց դրա մասին էինք խոսում, ես իմ ելույթում ասացի, որ ապրանքների էլեկտրոնային վերահսկողությունը կհեշտացնի Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների տեղաշարժը»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ մայիսին կներկայացնեն ԵԱՏՄ թվային օրակարգի սխեման, որը պատրաստման փուլում է: «Թվային օրակարգը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը շատ կարևոր են Հայաստանի և ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության համար»,- նշեց Փաշինյանը: