Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացած լինելը. Նիկոլ Փաշինյան
Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացած լինելը. հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևորագույն որոշումներ :Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում՝ 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ:
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի աշխատանքի համար և հայտնեց, որ որոշել է կարդալ և ստորագրել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը» հենց կոլեգիայի ներկայությամբ: «Այսպիսով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը.
2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց Եվրասիական տնտեսական միության մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:
Հայաստանի նախագահությունը համընկնում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի հետ: Վերջին 5 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է որպես հաջող ինտեգրացիոն միություն և, չնայած առաջին տարիների դժվարություններին, ներկայումս ցույց է տալիս առևտրային ու տնտեսական հարաբերությունների կառուցվածքի դիվերսիֆիկացման և փոխադարձ առևտրի համոզիչ աճ:
ԵԱՏՄ անդամ երկրների համար եվրասիական ինտեգրացիան առաջնային ուղղություն է, որը թույլ է տալիս բարելավել տնտեսվարման պայմանները բիզնեսի համար, ուժեղացնել համագործակցությունը ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր գործընկերություններ ինտեգրացիոն միության տնտեսական ներուժի իրագործման համար: Միևնույն ժամանակ, բոլոր անդամ պետությունները պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի շարունակեն և ակտիվացնեն ԵԱՏՄ-ի ինստիտուցիոնալ զարգացումը: Հայաստանը, իր հերթին, կանի ամեն ինչ, որպեսզի պահպանվի ինտեգրման դրական դինամիկան, լուծվեն այն խնդիրները, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկրների տնտեսական աճի համար»,-նշեց ՀՀ վարչապետը: