Բուխարեստի առաջնորդանիստ հայոց տաճարում Էկումենիկ աղոթք է հնչել
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունվարի 18-25-ը տեղի է ունենում ամենամյա էկումենիկ աղոթք՝ «Աղոթքի շաբաթ քրիստոնյաների միասնության համար» վերտառությամբ: Որպես կարգախոս և նշանաբան այս տարի ընտրված է Սուրբգրային հետևյալ համարը. «Դատավորներ ու օրենսգետներ կկարգես, որպեսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով» (Բ Օրենք 16. 18): Այս մասին տեղեկացրին Ռումինիայի Հայոց Թեմի մամուլի դիվանից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Էկումենիկ աղոթքին մասնակցում են Ռումինիայի Հայոց Թեմը՝ ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Ռումին Ուղղափառ եկեղեցին, Գերմանիայի Լութերական Ավետարանական եկեղեցին, Անգլիկան եկեղեցին, Կալվին Բողոքական եկեղեցին, Հունա-Կաթոլիկ և Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցիները:
Էկումենիկ աղոթքի շաբաթը բաժանված է հետևյալ ընթացակարգով՝
Հունվարի 18 – միասնական աղոթք Ռումին Ուղղափառ Սուրբ Անտոն եկեղեցում, հունվարի 19 – միասնական աղոթք Գերմանական Լութերական Ավետարանական եկեղեցում, հունվարի 20 – աղոթք բոլոր եկեղեցիներում, հունվարի 21 – միասնական աղոթք Հունա-Կաթոլիկ Սուրբ Բարսեղ Մեծ տաճարում, հունվար 22 – միասնական աղոթք Հայ Առաքելական առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, հունվարի 23 – Անգլիկան եկեղեցում, հունվարի 24 – Կալվին Բողոքական եկեղեցում, հունվար 25 – Հռոմեա-Կաթոլիկ Սուրբ Հովսեփ տաճարում:
Հունվարի 22-ին, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Հայոց Առաջնորդանիստ Տաճարում, որին ներկա էին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Կրոնների նախարար Վիկտոր Օպասկին, Ռումին Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Դանիել պատրիարքի ներկայացուցիչ, գերշ. Վառլաամ եպիսկոպոս Պլոիեշտեանուն, Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս գերշ. Իոան Ռոբուն, Հունա-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերշ. Միխայ Ֆրացիլը, Գերմանական Լութերական եկեղեցու փոխառաջնորդ գերշ. Դանիել եպիսկոպոս Զիկելլին, Հունգար Կալվին Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ Զսոլդ քահանա Բելլան, Բուխարեստում Վատիկանի ներկայացուցիչ Ֆերնանդո քահանա Ռեիսը, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչ քահանաներ ու հոգևորականներ: Խոսքով հանդես եկան Լութերական Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ Անդրեյ Պինտան, Թեմակալ Առաջնորդ Տաթև Սրբազանը: Նշելով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից 2019թ. հռչակված է Ընտանիքի տարի, Սրբզանը խոսեց ընտանիքի դերի ու կարևորության մասին յուրաքանչյուր պետության կյանքից ներս` կարևորելով ավանդական ու բարոյական արժեքների պահպանումն ու խրախուսումը:
Հունվարի 23-ին միասնական աղոթք տեղի ունեցավ Անգլիկան եկեղեցում, ուր խոսքով հանդես գալու իրավունքը վերապահված էր Հայ Եկեղեցուն՝ ի դեմս Ռումինիայի Հայոց Թեմի: Թեմակալ առաջնորդ, գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի պատգամը ներկայացրեց Տ. Գրիգոր քահանա Հոլկան: Սրբազան Հայրն իր խոսքում մասնավորապես նշում էր. « Գոհություն և փառք ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ այս տարի ևս առիթ և հնարավորություն ընձեռեց համախմբվելու և կանգնելու միասնական աղոթքի`քրիստոնեական արժեքների բացահայտման և վերարժեվորման համար: Կարևորում ենք ընտրված թեման, քանզի ժամանակակից աշխարհում և ընդհանրապես բոլոր ժամանակներում մշտապես գերխնդիր է եղել արդարության հաստատումն ու արդարությամբ, անաչառ դատելու կարողությունը: Թերևս միայն մեկ ճանապարհ կա արդարությամբ դատելու: Դա Տիրոջը նմանվելու ճանապարհն է, քանզի միայն Աստված է կատարյալ արդար, անկաշառ ու անաչառ Դատավոր: Սուրբ Գրքում բազում հատվածներ կան, ուր խոսվում է Տիրոջ մասին որպես «արդար Դատավոր»: Պողոս առաքյալն ասում է. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը: Եվ հիմա ինձ է սպասում արդարության պսակը, որը, որպես հատուցում, ինձ պիտի տա Տերը` արդար Դատավորը այն օրը, և ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, որ սիրեցին Նրա հայտնվելը» (Բ Տիմ. 4. 8):
Մեզանից յուրաքանչյուրն առաքյալի խոսքի համաձայն իր բարի պատերազմն է մղում այս աշխարհում, որը հաջողությամբ պսակելը բացառապես կախված է առ Աստված ունեցած մեր հավատից ու նվիրումից: Մեր առաքելության ու կոչումի մեջ հաջողելու համար, անվերապահորեն պիտի վստահենք արդար Դատավորին և միևնույն ժամանակ սիրող ու գթառատ մեր Երկնավոր Հորը, որովհետև «Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ՝ այն դատապարտելու, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի» (Հովհ. 3. 17):
Բայց պետք է հաշվի առնել երեք կարևոր հանգամանք`
ա. Դատավորներն ու օրենսգետները, որոնց կարգել է Աստված, Քրիստոսի պատկերը կրողները և անաչառ իրավունք իրացնողները պետք է լինեն, ինչպես և պահանջում է Տերը (Բ Օրենք 16. 16-18):
բ. Ժողովուրդը պարտավոր է ապրել Աստծո կամքի համաձայն ու պատվիրանների գործադրմամբ, լինել արդար ու ազնիվ` հավատարիմ մնալով Ավետարանական ճշմարտություններին, և միայն այդ դեպքում կարող է աղաղակել ու ասել. «…Ո՜վ Տեր, ինձ դատի՛ր ըստ իմ արդարության…» (Սաղմ. 7. 9):
գ. Յուրաքանչյուր մարդ ենթակա է Աստծո դատաստանին, ինչն անխուսափելի է: Առանց Դատաստանի փրկություն հնարավոր չէ: Ոչ ոք չի հաղորդվի Աստծո հավերժական փրկությանը, մինչև չկանգնի Տիրոջ անաչառ Դատաստանի առաջ:
Հետևաբար, յուրաքանչյուր մարդ դատվում է իր գործերով, քանի որ հենց դրանցում է արտահայտվում նրա իրական հոգևոր էությունը: Մարդու համար գոյություն ունի պատժից «խուսախելու» և արդարացված լինելու միայն մեկ հնարավորություն, այն է` նրա անունը պետք է գրված լինի «Կյանքի գրքում»:
Մարդկային կյանքի յուրաքանչյուր օր և վայրկյան առիթ և հնարավորություն է, որ Աստված տվել է մարդուն ժամանակների լրումից առաջ: Ինչպես Ժողովողն է ասում. «ամեն բան իր ժամանակն ունի» (Ժող. 3. 1):
Մենք մեծապես ուրախ ենք, որ ամեն տարի քրիստոնյա մեր եղբայրների հետ միասնաբար աղոթքի կանգնելու ժամանակը ևս կա` հանուն խաղաղության, աստվածային սիրո և համերաշխության, եկեղեցիների միջև երկխոսության ու համագործակցության խորացման, մտքերի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման համար: Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում էկումենիկ աղոթքի մասնակից բոլոր եկեղեցիների առաջնորդներին ու ներկայացուցիչներին, բոլոր կազմակերպիչներին: Մեր միասնական աղոթքը թող առիթ դառնա առավել զորանալու ու Քրիստոսի կենարար Մարմնին ու Արյանը հաղորդակից լինելով առավել մոտենալու և մերձենալու Տիրոջը: Մեր մաղթանքն ու հորդորն է, որ այսուհետ մեր գործերով փառավորվի Տիրոջ անունը, որպեսզի մարդը կարողանա իր քայլերն ուղղել դեպի Աստված, դեպի Աստծո խաղաղությունը՝ հաշտ ու ներդաշնակ լինելով իր Արարչի, բնության ու ինքն իր հետ՝ վայելելով Տիրոջ օրհնություններն ու շնորհները, արդարանալով և արժանանալով հավիտենական պարգևներին. Ամեն:»:
Առաջիկա օրերին, հունվարի 24-ին և 25-ին միասնական աղոթք կկատարվի Կալվին Բողոքական եկեղեցում և Հռոմեա-Կաթոլիկ Սուրբ Հովսեփ տաճարում»: