Փաշինյանը Դավոսում խոսել է ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիայի դերի մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցելով «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը, անդրադարձավ ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիայի դերին: Փաշինյանը, մասնավորապես, նշեց.
«Իրականում մենք մեր հեղափոխությունն իրականացրեցինք սոցիալական մեդիայի միջոցով, որովհետև մեդիա շրջափակման մեջ էինք և կարողացանք բեկում մտցնել սոցիալական մեդիայի կիրառմամբ։ Այժմ ես շարունակում եմ իմ ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակումներ ունենալ: Ինչ վերաբերում է մեդիայի և ազատ-անաչառ ընտրությունների կապին` պետք է ստուգել, թե ինչ գործոններ են ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ մեկ կամ երկու կեղծ նյութերի թողարկումը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ինչը, իհարկե, արդեն մեծ խնդիր է։ Բայց ի՞նչ կարելի է անել այս դեպքում. սա մեծ հարց է: Ես հպարտ եմ նշելու, որ մեր երկիրը ճանաչվել է ազատ համացանցի երկիր: Այդ ազատությունը բերում է նորությունների փոխանակման հնարավորություններ կամ թափանցիկություն, իհարկե այն բացում է նաև հսկայական դաշտ սխալ, կեղծ նորությունների համար, որն, անկասկած, ազդում է ինչպես մեր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի իրողությունների վրա։ Ես անկեղծ կլինեմ. չգիտեմ ինչ անել այս իրավիճակում։ Եթե որևէ մեկը գիտի, ապա դա բոլորիս համար ուրախալի կլինի»։