«Այն, ինչ ներելի է Ֆեյսբուքում, աններելի է լինելու ԱԺ ամբիոնից». Մեդիափորձագետը՝ Հայկ Կոնջորյանի հայտարարության մասին

Մեդիափարձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ ժամանակին «Իմ քայլը» դաշինքում հայտարարում էին, որ, եթե քաղաքական դաշտում չլինի ընդդիմություն, ապա դաշինքի ներսում կծնվի այդ ընդդիմությունը, սակայն նրանց գործողությունները ցույց են տալիս, որ չունեն քաղաքական կամք։

«Օրինակ՝ նրանք չունեցան այդքան քաղաքական կամք և ազատամտություն, որպեսզի ԱԺ փոխխոսնակի ընտրության ժամանակ ԲՀԿ ներկայացուցչի փոխարեն՝ ընտրեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցչին՝ Մանե Թանդիլյանին, այստեղ նրանք ցույց տվեցին, որ կուսակցական դիսցիպլինան ավելի կարևոր է, քան իրենց իսկ կողմից գովերգած ազատամտությունը և առաջադիմությունը»,- ասաց մեդիա փորձագետը։

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարությանը, որի ժամանակ նա Ադրբեջանի և Թուրքիայի հետ միասին Իրանին ևս անվանեց ավտորիտար պետություն, նկատեց, որ Իրանին տված այս բնորոշումը պատգամավորի կողմից վրիպում չէ, ինչպես նա հետո պարզաբանեց։

«Պարզ է, որ նա այդպես է մտածում, եթե մենք նայենք նրա բոլոր հոդվածները, ապա կտեսնենք, որ բոլորի մեջ այդ շեշտադրումները կան։ Հասկանում եմ, որ նրանց հետ «թրեյնինգներ» են անցկացնում, արժե մեկ անգամ էլ արտաքին քաղաքականության վերաբերյալ «թրեյնինգ» անցկացնել բոլորի հետ, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենք Ֆեյսբուքում չեն, Ազգային ժողովում են, և այն, ինչ ներելի է Ֆեյսբուքում, աններելի է լինելու ԱԺ ամբիոնից։ Լավ է, որ գոնե շատ արագ պատգամավորին բացատրեցին, թե ինչ է անում, բայց ասել, որ Հայկ Կոնջորյանն ուղղվեց և այլևս չի մտածելու, որ Իրանն «ավտորիտար երկիր» է, իսկ Իսրայելը՝ մեր բարեկամը, սխալ է։ Գուցե այսօրվանից սկսած այլևս պետք չէ, որ այդ մարդուն թողնեն, որպեսզի նա մոտենա արտաքին օրակարգին, ավելի լավ է՝ նա զբաղվի հակակոռուպցիայով կամ այլ բաներով, որով ժամանակին զբաղվում էր»,- ընդգծեց Տիգրան Քոչարյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին, ապա, Տ. Քոչարյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, հեռուստաբանավեճերի ժամանակ նա ցույց է տվել ՀՀ արտաքին հարաբերությունների հարցում իր սնանկությունը։

«Ճիշտ կլինի, որ նրանք ընդհանրապես չխառնվեն արտաքին հարաբերությունների ոլորտին առնչվող հարցերին և հետևեն ՀՀ արտգործնախարարության ցուցումներին։ Ունենք հանձնաժողովներ, որտեղ մարդիկ հայտնվել են զուտ նրա համար, որ քայլել են Նիկոլ Փաշինյանի հետ»,- եզրափակեց Տ. Քոչարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս