«Ֆրութֆուլ Արմենիա»-ի շնորհիվ՝ Արմավիրի մարզի 2 բժշկական կենտրոններ համալրվել են սարքավորումներով և գույքով
Մեծամոր ու Արմավիր քաղաքների բժշկական կենտրոնները համալրվել են գույքով և սարքավորումներով: Դա հնարավոր է դարձել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից ստեղծած «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի նվիրաբերության շնորհիվ, ինչի արդյունքում, մասնավորապես, «Արմավիր բժշկական կենտրոն»-ի համար գաստրոսկոպիկ սարքավորում է ձեռքբերվել, իսկ «Մեծամոր բժշկական կենտրոն»-ում սենյակներ են կահավորվել:
«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի հանգանակությունը Մեծամոր բժշկական կենտրոնին հնարավորություն տվեց ձերբազատվել դեռևս 1980-ական թվականներին գնված կահույքից և ամբողջապես կահավորել կենտրոնի ինֆեկցիոն, մասամբ՝ նաև այլ բաժանմունքները: Սա զգալի ներդրում է մարզային առողջապահական կառույցներում սպասարկման որակի բարելավման և դրանց մրցունակության բարձրացման ուղղությամբ>.,- իր խոսքում ասաց «Մեծամոր բժշկական կենտրոն»-ի գործադիր տնօրեն Միքայել Վանյանը: Նա շնորհակալություն հայտնեց հիվանդներին առողջապահական ծառայությունների մատուցման պայմանների բարելավման հարցում հիմնադրամի ցուցաբերած աջակցության համար:
«Այս նախաձեռնությամբ, Էռնեկյան ընտանիքի աջակցությամբ Արմավիրի մարզի երկու բնակավայրում բարելավելով առողջապահական ծառայություններ մատուցման պայմանները, մենք ազդարարում ենք «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի պատմության նոր էջի մեկնարկի և Հայաստանում հիմնադրամի գործունեության ակտիվացման մասին»,- ասել է Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը:
Տարածաշրջանի ընտրությունը պատահական չէ. Արմավիրում ներկայացված են պարոն Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերություններից Կոնվերս Բանկը՝ 3 մասնաճյուղով, Karas Vineyards-ը և Հայփոստը:
Առաջիկայում ևս Էռնեկյան ընտանիքը ակտիվորեն կներգրավվի «Ֆրութֆուլ Արմենիա» և այլ բարեգործական հիմնադրամների կողմից իրականացվող նախաձեռնություններին:
<<Էռնեկյան ընտանիքը կարևորում է կրթության, առողջապահական ոլորտներում ծրագրերի անհրաժեշտությունը հատկապես մարզերում, ինչի շնորհիվ որակյալ կրթությունն ու բուժծառայությունները հասանելի կդառնան նաև Երևանի սահմաններից դուրս>>,- եզրափակել է Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը:
Նշենք, որ «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը ստեղծվել է 2011թ: Գործունեության ընթացքում իրականացվել են տարբեր բարեգործական,սոցիալական և հանրային միջոցառումներ՝ այդ թվում Արցախի դպրոցականներին ավելի քան 10.500 համակարգիչ է նվիրաբերվել, ուսուցիչների և աշակերտների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, տրամադրվել է խորհրդատվություն: 2011-2017-Արցախում արգենտինահայ բարերար Էդուրադո Էռնեկյանը կատարել է մոտ 8 մլն դոլարի ներդրում:
Զուգահեռաբար, Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման և բիզնես կապերի հաստատման նպատակով անցկացվել է թվով 7 միջազգային համաժողով: Պարոն Էդուարդո Էռնեկյանի նվիրաբերությամբ և նախաձեռնությամբ Էջմիածնում բացվել է Էօրնեկեան դպրոցը: Դասավանդման պայմանները բարելավելու նպատակով անցյալ տարի կառուցվել և բացվել է դասավանդման լավագույն միջազգային չափանիշները բավարարող մասնաշենք: