26 ամենահարուստ միլիարդատերերի կարողությունը հավասարվել է 3,8 մլրդ չքավորների եկամուտներին. Oxfam
Միլիարդատերերի թիվը վերջին տասը տարում գործնականում կրկնապատկվել է եւ 2018 թվականին հասել է 2208-ի, իսկ նրանց կարողությունն օրական աճել է 2,5 միլիարդ դոլարով: Դա վկայում է Oxfam միջազգային բարեգործական եւ հումանիտար կազմակերպության հետազոտությունը, որը պատրաստվել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի նախաշեմին:
Կազմակերպության տվյալներով՝ այդ խմբի մարդկանց բարեկեցության աճը մեկ տարում կազմել է 900 միլիարդ դոլար, եւ այժմ միլիարդատերերի կարողությունն ամենամեծն է ամբողջ ժամանակի ընթացքում: Նշված է, որ 2017-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակամիջոցում յուրաքանչյուր երկու օրը մեկ աշխարհում նոր միլիարդատեր է հայտնվել:
Միաժամանակ Oxfam-ը նաեւ այլ տագնապալի միտում է արձանագրում. աշխարհի ամենանաաղքատ մարդկանց ֆինանսական դրությունն անցյալ տարի բնավ չի բարելավվել: Համեմատելով ստացված արդյունքները՝ կազմակերպությունը հանգել է այն եզրակացության, որ աշխարհի 26 ամենահարուստ մարդանց կարողությունը հավասար է այդ 3,8 միլիարդ ամենաաղքատ մարդկանց ընդհանուր կարողությանը:
Այսպես, հետազոտության մեջ նշված է, որ աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսի կարողությունն աճել է մինչեւ 112 միլիարդ դոլար, եւ այժմ նրա կարողության միայն 1 տոկոսը հավասար է 105 միլիոն բնակչությամբ Եթովպիայի առողջապահության ամբողջ բյուջեին:
Oxfam-ը հիմնադրվել է 1942 թվկանին Օքսֆորդում՝ սովյալներին օգնություն ցույց տալու համար (Oxford Committee for Famine Relief): Ներկայում դա միջազգային միավորում է՝ բաղկացած 17 կազմակերպություններից, որոնք աշխատում են աշխարհի ավելի քան 90 երկրում: Կազմակերպության նպատակն է աղքատության եւ դրա հետ կապված անարդարության խնդիրների լուծումն ամբողջ աշխարհում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: