Պատժվո՞ւմ է արդյոք չարը այսօր և ինչպե՞ս
Բարությունը ոչ խեղճություն է, և ոչ էլ թուլություն, այն վկայում է ներքին մեծ ուժի մասին, որից զրկված են չարություն գործող մարդիկ, ի դեպ վերջիններս զրկված են նաև երջանկությունից, ուրախությունից, սիրուց: Սովորաբար բոլորին էլ այցելում են վատ մտքեր։ Ամեն օր մենք ասես ռմբակոծվում ենք տարբեր առաջարկներով և գայթակղություններով, որոնք դրդում են մեզ սխալ գործելու։ Այն, թե ինչ կպատահի մեզ, կախված է մեր կայացրած որոշումներից. կարող ենք անմիջապես վատ մտքերը վանել մեզանից կամ էլ հակառակը՝ տարվել այդ բացասական մտքերով և թույլ տալ, որ դրանք զարգանան։
Կյանքում միշտ էլ ցավոտ իրավիճակներ լինելու են, սակայն այդ ամենի գիտակցումը չպետք է մարդուն հուսահատեցնի: Լավ մարդը աշխատում է հաղթահարել այդ ցավը, հիմարը այդ չի տեսնում, քանի դեռ չի զգացել իր մարմնի վրա: Իսկ չարակամ մարդը այն ավելի կխորացնի և կտարածի իր շուրջը: Սակայն բոլորն էլ անմեղ են, որովհետև ինչպես չարություն տարածող մարդը, այնպես էլ հիմարը չգիտեն, որ իրենք չար են և, հետևաբար՝ անմեղ: Չարակամ մարդուն պետք է ներել և սիրել, որովհետև մեր յուրաքանչյուրից ինչ-որ մի բան կա նրանց մեջ, ինչպես որ նրանցից ինչ-որ բան՝ մեր մեջ: Նա մերն է, մենք՝ նրանը:
Կարևոր չէ, թե ինչ սխալներ կգործես կյանքում, պետք չէ վախենալ գործած սխալների համար կամ նորերը գործելուց: Եթե բարի սիրտ ունես, վստահիր սրտիդ, լսիր նրան և շարունակիր ճանապարհդ առանց կանգ առնելու: Եթե խաբվես կամ հալածվես ուրիշներից կամ ինքդ քեզնից, վեր կաց և ետ մի նայիր: Բազմաթիվ անգամներ պիտի ծիծաղես և բազմաթիվ անգամներ պիտի լաց լինես, որովհետև ծիծաղն ու արտասուքը շարունակ անբաժան են իրարից. այս ամենը մեր կյանքի անբաժան մի մասն է, որից փախչել չենք կարող:
Պատժվու՞մ է արդյոք չարը այսօր և ինչպե՞ս: Որն է ելքը բարու հաղթանակի:
Բազմաթիվ հարցեր, որ ուղղվում են հոգևորականներին, չարի անպատժելիության մասին են: Նրանք մատնացույց են անում մարդկանց և վկայում նրանց անօրեն ընթացքը, մարդկանց դառնություններ պատճառելը, անհիմն չարախոսելն, թեպետ դա ժամանակավոր բնույթ է կրում, սակայն, ովքեր այդպիսի բաներ են անում ու չեն պատժվում, շատ ավելի ողորմելի ու դժբախտ մարդիկ են, ինչպես Դավիթ մարգարեն է ասում. «Փոս փորողն իր փորած փոսի մեջ կընկնի» (Սաղմոս 7:16), ուղղակի փոքր-ինչ համբերություն է պետք և ամեն մեկը կստանա այն, ինչին արժանի է:
Աշխարհն այսօր բթացրել է մարդու միտքը և նետել փորձություններով լի հորձանուտի մեջ, ովքեր հավատքի մեջ հաստատուն կմնան, հաղթանակած դուրս կգան, իսկ նա, ով ինչ-որ մեկին չարիքի է մատնում, նույն չարիքի մեջ և ինքն է ընկնում. «Ամեն դատաստան տվել է Իր Որդուն» (Հովհ. 5: 22): Ամենուրեք փնտրեք բարին ու հենց որ հայտնաբերեք, հանեք այն աշխարհի իր թաքստոցից. թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Մարիետտա Խաչատրյան