
Օգնելը վեհ հոգիներին է հատուկ

Սուրբ Անտոն Ճգնավորը կամ բոլորիս հայտնի սուրբ Անտոն Անապատականը համարվում է վանական կյանքի հայրն ու հիմնադիրը, ով իր ողջ կյանքը նվիրել է Աստծուն և ձգտել հոգևոր կատարելության:
Ծնված լինելով ազնվական ու հարուստ ընտանիքում՝ Անտոնը ծնողների մահից հետո ամբողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին, քանի որ մի օր եկեղեցում լսում է՝ եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր ինչ-որ ունես ու աղքատներին տուր և երկնքում գանձեր կունենաս(Մատթ.19:21) ավետարանական խոսքը և որոշում առաջնորդվել այս պատգամով և, այն դարձնելով կյանքի կարգախոս, օգնում է բոլորին:
Նա ավելի քան 20 տարի անցկացնում է անմարդաբնակ վայրում, այնուհետև, անսալով իր հոգևոր եղբայրների խնդրանքներին, դուրս է գալիս և սկսում բացատրել վանական կյանքի կանոնները, որոնք էլ հետագայում դառնում են վանական կյանքի ուղեցույց:
Եկեք մտովի պատկերացնենք, թե ինչպիսի՞ն կլինի մեր կյանքը, եթե մեզնից յուրաքանչյուրը, ականջալուր լինելով վերը նշված աստվածաշնչյան պատգամին, կարողանար իր հնարավորության սահմաններում օգնել որևէ կարիքավոր մարդու:
Կարողանանք գոնե այսօր՝ Սուրբ Անտոն Անապատականի հիշատակության օրը, վերածել տոնի այն մարդկանց համար, ովքեր, իսկապես ունեն մեր բոլորիս օգնության կարիքը, այդպիսով մեր նշանավոր Սրբի առաքելությունը մասամբ իրականացված կհամարվի մինչ օրս:
Լիլիանա Օսիպյան