Բաժիններ՝

«Արսենալ»-«Չելսի». տուրի կենտրոնական հանդիպումը

Անգլիայի Պրեմիեր լիգայի կենտրոնական խաղը տեղի կունենա այսօր: «Արսենալն» ընդունելու է «Չելսիին»:

«Արսենալ»

«Արսենալը» նախորդ տուրում կրկին անհաջող հանդես եկավ: Ունայի Էմերիի թիմի ֆուտբոլիստները պարտվեցին «Վեսթ Հեմին» նվազագույն հաշվով:

Սա լոնդոնյան թիմի 4-րդ անընդմեջ անհաջող արդյունքն է: Այս 4 խաղերից 3-ում «Արսենալը» պարտվել է: Այս ընթացքում լոնդոնցիները պարտվեցին «Լիվերպուլին» (1:5) և միավորներ կորցրեցին «Բրայթոնի» (1:1) հետ խաղում: Սեփական հարկի տակ Ունայի Էմերիի սաները բավականին վստահ էին հանդես գալիս՝ հաղթելով «Տոտենհեմին» (4:2), «Հադերսֆիլդին» (1:0), «Բարնլիին» (3:1) և «Ֆուլհեմին» (4:1):

Մրցաշարային աղյուսակում «Արսենալի» վիճակն այնքան էլ լավ չէ: Թիմը լավագույն քառյակին զիջում է 6 միավորով: Այս խաղը լավագույն հնարավորությունն է՝ կրճատելու այս տարբերությունը:

Լոնդոնյան ակումբում շատ են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյան, Ռոբ Հոլդինգ, Դոնի Ուելբեք և Սմիթ Ռոութ:

«Չելսի»

Մաուրիսիո Սարիի թիմը դեռ պահում է իր տեղը լավագույն քառյակում: Լոնդոնցիները 10 միավորով հետ են մնում «Լիվերպուլից»: «Մանչեսթեր Սիթիին» թիմը զիջում է 6 միավոր, իսկ «Տոտենհեմին»՝ 1 միավոր:

Վերջին տուրում «Չելսին» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Նյուքասլին»: Սա լոնդոնյան այս ակումբի 6-րդ հաղթանակն էր վերջին 7 խաղերում: Մրցակցի հարկի տակ Սարիի սաները հաղթել են 3 խաղ անընդմեջ: Մյուս կողմից՝ մրցակիցներն այնքան էլ ուժեղ չէին՝ «Բրայթոն», «Քրիսթալ Փելաս» և «Հադերսֆիլդ»:

Վնասվածքի պատճառով այս խաղին չեն մասնակցի Ռուբեն Լոֆտուս-Չիկը և Մարկո վան Գիկելը:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

  • «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթել է վերջին 11 խաղերից 8-ում՝ պարտվելով 1 անգամ
  • «Չելսին» մրցակցի հարկի տակ հաղթել է 3 խաղ անընդմեջ
  • «Արսենալը» հաղթել է«Չելսիին» ԱՊԼ-ի վերջին 14  խաղերից միայն 1-ում
  • Առաջին շրջանում «Չելսին» հաղթեց «Արսենալին» 3:2 հաշվով

Այս խաղը չափազանց կարևոր է երկու թիմերի համար էլ՝ Սարիի սաներն ամեն կերպ փորձելու են պահել իրենց տեղը լավագույն քառյակում, իսկ Էմերիի թիմը ցանկանալու է կրճատել հեռավորությունը թոփ-4-ից:

Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 21:30-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս