«Իրանի հասցեին ինչ-որ հայտարարություն անելուց առաջ, նախ՝ պետք է լավ ճանաչել Իրանը». Իրանագետ

«Որքանով հասցրել եմ հետևել իրանական լրատվական դաշտին, որևէ արձագանք չի եղել՝ կապված ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարության հետ։ Սակայն նման թեմաներն աննկատ չեն մնա և ինչ-որ կերպ արձագանք կստանան։ Կարծում եմ՝ Իրանի հասցեին ինչ-որ հայտարարություն անելուց առաջ, նախ՝ պետք է լավ ճանաչել Իրանը, քանի որ այն բազմաշերտ, խորը ենթակառուցվածքներով երկիր է և չի համապատասխանում այն հայտարարությանը, թե բռնապետական երկիր է»,- լրագրողների հետ զրույցում նշեց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը և աշխահաքաղաքական դիրքին՝ ասել էր, որ Հայաստանը շրջապատված է ավտորիտար Թուրքիայով, Ադրբեջանով և Իրանով, և միայն Վրաստանն է, որը գնում է ժողովրդավարական ճանապարհով։ Սակայն ելույթից հետո Հ. Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ չի ցանկացել Իրանին ավտորիտար երկիր անվանել, դա ընդամենը «վրիպակ» է եղել։

Իրանագետի խոսքով՝ հայտարարություններ անելուց առաջ պետք է ավելի ուշադիր լինել։

Անդրադառնալով 168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի հանդիպում չի կայացել, իրանագետը նկատեց՝ հայկական կողմը զբաղված էր իր ներքին խնդիրներով, իրանական կողմն էլ իր հերթին՝ սպասում էր այդ ներքին խնդիրների հանգուցալուծմանը։

«Այս ընթացքում հայ-իրանական հարաբերությունները կարծես թե «թայմ աուտի» շրջանում էին։ Իմ կարծիքով՝ գոնե այժմ անպայման այց պետք է կատարվի Իրան, քանի որ այն մեզ համար շատ կարևոր և կենսական նշանակություն ունեցող երկիր է։ Պետք է փորձել Իրանի հետ եղած ներկայիս հարաբերությունները մի քանի մակարդակով բարձրացնել։ Հայ-իրանական հարաբերություններն այլընտրանք չունեն՝ քան դեպի լավ զարգացում գնալը»,- շեշտեց Ահարոն Վարդանյանը։

Ըստ իրանագետ Գարիկ Միսակյանի՝ այս շրջանում հայ-իրանական հարաբերությունների օրակարգ կարծես չկար, որից օգտվում են Հայաստանի հարևանները և զարգացնում իրենց հարաբերություններն Իրանի հետ։

«Այս տարի Հայաստանը պետք է արդեն ձգտի հստակ հայ-իրանական օրակարգի, ամենաբարձր մակարդակի փոխայցելությունների Իրան և Հայաստան։ Հայ-իրանական հարաբերությունների նման զարգացումը պետք է որ ավելի բորբոքի Ադրբեջանի «խանդը»»,- ասաց իրանագետը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս