Հայկ Մարությանն ընդունել է ավտոբուսներ արտադրող Daimler Buses ընկերության ներկայացուցչին

Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագրի համաձայն, Երևանի քաղաքապետարանը սկսել է հանդիպում-քննարկումները ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Daimler Buses («Դայմլեր բասիս») ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ:

Հանդիպմանը ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես, ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը: Daimler Buses-ը գործարաններ ունի տարբեր աշխարհամասերում, հիմնական շուկաներն են Եվրոպան և Հարավային Ամերիկան: Քաղաքային ավտոբուսների արտադրությունում  ընկերության շուկայի մասնաբաժինը Արևմտյան Եվրոպայում  շուրջ 30% է, ընկերությունը ամենախոշոր մատակարարն է ողջ Եվրոպայում: Քաղաքապետարանում ներկայացվել են տարբեր մակնիշի, տարողության քաղաքային ավտոբուսներ, որոնք աշխատում են նաև հեղուկ գազով և հիբրիդային կամ ամբողջովին էլեկտրական մարտկոցներով:

Daimler Buses ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակել քաղաքապետարանի հետ համագործակցությունը և նշել, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրերով:

Երևանի քաղաքապետն իր հերթին տեղեկացրել է, որ մոտ ապագայում պատրաստ կլինի մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացնող խորհրդատու կազմակերպության առաջարկների փաթեթը, որի համաձայն էլ պետք է իրականացվի քաղաքային տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը:

Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ, որը միտված կլինի ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանը և կհամապատասխանի մշակված նախագծով սահմանված պահանջներին:  

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ գործնականում փորձարկելով Երևանի երթևեկությանը համապատասխանող և քաղաքին հարմար ավտոբուսներ:

Քաղաքապետն ընդունել է ավտոբուսներ արտադրող Daimler Buses ընկերության ներկայացուցչին

Քաղաքապետն ընդունել է ավտոբուսներ արտադրող Daimler Buses ընկերության ներկայացուցչին

Gepostet von Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality am Samstag, 19. Januar 2019

Տեսանյութեր

Լրահոս