«4 ժամ ի՞նչ են արել, եղանակի տեսությունի՞ց են խոսել». Շարմազանովը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

«Պառլամենտում առանց մեզ տխո՞ւր է»,- Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի՝ հունվարի 18-ին հրավիրված նիստից հետո, շենքի դիմաց սպասող լրագրողների բազմությունը տեսնելով, կուսակության խոսնակ Էդուարդ Շարմազանովը անակնկալի եկավ:

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակը հայտարարեց, որ նիստում քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր.

«Քննարկել ենք ներկուսակցական խնդիրներ, կազմակերպչական հարցեր: Անդրադարձ է եղել նաև երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին: Բնականաբար, ամենակարևոր հարցերից մեկը արտաքին քաղաքականությանն է վերաբերում, Ղարաբաղյան հիմնահարցին: Մենք ունենք որոշակի մտահոգություններ թե՛ արտաքին քաղաքականության հետ կապված, թե՛ Ղարաբաղյան հիմնահարցի: Սա չի նշանակում, որ մենք ասում ենք, որ մեր նոր կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, եկել է, որպեսզի Հայաստանը տանի դեպի ձախողումներ, պարզապես մենք չենք կարող չնշել այն մտահոգությունները, որոնք որ կան: Եվ կարծում եմ, որ ասողին պետք է լսող լինի»:

Անդրադառնալով Փարիզում կայացած Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանը՝ Շարմազանովը նշեց, որ իրենց չեն բավարարում արդյունքները:

«Վարչապետ Փաշինյանն ասում է՝ բանակցային գործընթաց չկա: 4 ժամ ի՞նչ են արել, եթե բանակցային գործընթաց չկա: Հարցրել են՝ «ի՞նչ կա, ի՞նչ չկա», եղանակի տեսությունի՞ց են խոսել: Սա մտահոգիչ է»,- նկատեց Է.Շարմազանովը:

Խոսելով Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ՀՀԿ մտահոգությունների մասին, Շարմազանովը նշեց.

«Այս իշխանությունը, այո, անփորձ է, և այս իշխանության քաղաքականության արդյունքում մենք կորցնում ենք մեր դիրքերը Ղարաբաղյան հիմնահարցում: Երբ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ պատրաստ է Արցախին տալ ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում և Շարմազանովից, Աշոտյանից ու մի քանի հանրապետականներից կամ դաշնակցականներից բացի որևէ մեկը մեր իշխանությունից որևէ հստակ և կոշտ գնահատական չի հնչեցնում, այստեղ մտահոգություններն ավելանում են»:

Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե 2019 թվականին չեն հասցնի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամբողջական վավերացմանը հասնել, նշեց, որ այդ համաձայնագրի վավերացումը պետք է առաջնային լիներ.

«Փաշինյանը մեզ մեղադրում էր «վիզը ծուռ» քաղաքականության մեջ: «Վիզը ծուռ» քաղաքականության ընթացքում մենք հասցրել ենք մտնել Եվրասիական տնտեսական միություն և բազմաթիվ օգուտներ քաղել մեր պետության և մեր ժողովրդի համար: Նաև ստորագրել ենք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Եթե որևէ այլ բան չլիներ, արդեն դրական էր միայն այն, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում Արցախյան կարգավորման վերաբերյալ կար հստակ ձևակերպում, ինքորոշման իրավունքի իրացումը հստակ ներկայացված էր և դա արդեն օրենքի ուժ էր ստանում ԵՄ անդամ երկրների կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս