Բաժիններ՝

Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե

Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից Հայաստանին գազի մատակարարման տարանցորդի դերից: Այդ մասին Թբիլիսիում լրագրողներին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ պատասխանելով այն հարցին, թե վերանայվելու է արդյոք ՌԴ-ից Վրաստանի տարածքով Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքված տարանցման համաձայնագիրը, որի ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:

«Վրաստանը բավական զգալի օգուտ է ստանում տարանցման գործառույթից, եւ մենք կշարունակենք այն կատարել: Դա համապատասխանում է մեր երկրի շահերին: Ինչ վերաբերում է համաձայնագրին, ապա դրա շուրջ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ կորոշվի կոնկրետ ամսաթիվը եւ կնշանակվի հանդիպումը»,-ասել է վարչապետը: Նա նշել է, որ առայժմ նման բանակցույուններ նշանակված չեն, «իսկ եթե պարտավորագրում հայտնվի ինչ-որ նոր բան, հասարակայնությանը կտեղեկացվի Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից»:

Մինչեւ 2017 թվականի հունվարը Վրաստանը Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման դիմաց ստանում էր տարանցվող հումքի ընդհանուր ծավալի 10 տոկոսը: 2017 թվականի սկզբին «Գազպրոմ»-ի հետ ստորագրված նոր պայմանագրին համապատասխան, 2017 թվականին ռուսական կողմը այդ տարանցման համար Վրաստանին վճարում էր փողով եւ մասամբ հումքով, իսկ 2018 թվականին՝ միայն ֆինանսական միջոցներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս