Մեծ Բրիտանիայի կառավարությունն սկսել է Brexit-ի շուրջը երկրորդ հանրաքվեի քննարկումը
Մեծ Բրիտանիայի կառավարությունն սկսել է խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկել Եվրամիությանն անդամակցության շուրջը կրկնական հանրաքվեի անցկացման հնարավորությունը, սակայն կաբինետի առաջարկած սխեման չի բավարարել ընդդիմությանը:
Այդ մասին հայտնել են քաղաքական կոնսուլտացիաների մասնակիցները, որոնք անցկացվել են վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ: Նախկին գլխավոր դատախազ, Պահպանողական կուսակցության անդամ Դոմինիկ Գրիվը լրագրողներին պատմել է, որ կառավարության ներկայացուցիչները խորհրդարանականներին են հանձնել փաստաթուղթ, որտեղ ասված է, թե հանրաքվեի նախապատրաստումն ու անցկացումը կպահանջի 15 ամիս:
Թե՛ խորհրդարանակաները եւ թե՛ փորձագետներն ավելի վաղ հայտարարել են, որ ըստ օրենքի՝ հանրաքվեի նախապատրաստման համար, որի անցկացման արշավն ստացել է People՚s Vote անվանումը, կպահանջվի շուրջ հինգ ամիս: «Գրաֆիկը, որը ներկայացրել է կառավարությունը, պարզապես սխալ է: Կառավարության կողմից սխալ եւ անօգտակար է այդ հարցի վերաբերյալ կանխահայտ սուտ տեղեկատվություն ներկայացնելը»,- լրագրողներին ասել է Գրիվը:
Պատգամավորների հետ կառավարության կոնսուլտացիաները շարունակվում են, դրանց մասնակցում են բոլոր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, բացառությամբ լեյբորիստների, որոնք կաբինետը եւ վարչապետին մեղադրել են անգործունակության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: