Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է իրանցի լրագրողուհու ձերբակալումն ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում Press TV հեռուստաալիքի իրանցի լրագրողուհի Մարզիե Հաշեմիի ձերբակալումն անօրինական է ու անմարդկային, իսկ նրա պահման պայմանները խախտում են մարդու իրավունքները: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ի գործողությունները, որն անօրինականորեն ու անմարդկայնորեն ձերբակալել է Մարզիե Հաշեմիին,- Ղասեմիի խոսքը մեջբերում է արտաքին քաղաքական գեերատեսչության պաշտոնական կայքը:- Նրա նկատմամբ ամերիկյան կողմի գործողությունները մարդու իրավունքների ուղղակի խախտում են»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է իրանական Press TV անգլալեզու հեռուստաալիքի լրագրողուհի եւ հաղորդավարուհի Մարզիե Հաշեմիին: «Մեզ հայտնեցին, որ լրագրողուհի եւ նորությունների հաղորդավարուհի Մարզիե Հաշեմին բերման է ենթարկվել ու կալանքի տակ դրվել Վաշինգտոնում: Նրա ձերբակալման պատճառները հայտնի չեն, նրան որեւէ մեղադրանք չի առաջադրվել»,- հայտնել է հեռուստաալիքն իր Twitter-ում:

Նշվում է, որ ձերբակալումը տեղի է ունեցել Սենտ Լուիսի (Միսուրիի նահանգ) օդանավակայանում: Ներկայում նրան տեղափոխել են Վաշինգտոն՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննչական մեկուսարան: Press TV հեռուստաալիքի հաղորդավարուհին ծնվել է ԱՄՆ-ում: Նա ուղեւորվել էր ԱՄՆ՝ տեսակցելու հիվանդ եղբորն ու մյուս հարազատներին:

Մարզիե Հաշեմիի ազգականները հեռուստաալիքին պատմել են, որ նրա հետ չեն կարողացել կապվել 48 ժամվա ընթացքում եւ միայն հետո են իմացել ձերբակալման մասին: Հաղորդավարուհին ընտանիքի անդամներին հայտնել է իր նկատմամբ կոպիտ վերաբերմունքի մասին: Նա պատմել է, որ իր կամքին հակառակ, իր վրայից հանել են հիջաբը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս