Բաժիններ՝

Microsoft-ը արհեստական ինտելեկտի և իրերի ինտերնետի լաբորատորիա կբացի Շանհայում

Microsoft ընկերությունն արհեստական ինտելեկտի եւ իրերի ինտերնետի առաջին լաբորատորիան կբացի Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որը կտեղակայվի Շանհայում: Ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապատասխան հուշագիրը, ինչպես հունվարի 16-ին հայտնում է «Սինհուա» գործակալությունը, ստորագրվել է ընկերության եւ Շանհայի Պուդուն նոր շրջանի միջեւ։

Լաբորատորիայի բացումը, որն աշխարհում երրորդը եւ խոշորագույնը կդառնա Microsoft ընկերության համար, պլանավորված է այս տարվա ապրիլին: Երկու այդպիսի լաբորատորիաներ արդեն գործում են Սիեթլում եւ Մյունխենում: Շանհայի լաբորատորիան, ընկերության հայտարարության համաձայն, մասնավորապես, տեղի եւ միջազգային ընկերությունների հետ կաշխատի նախատիպերի ստեղծման ուղղությամբ, կիրականացնի մասնագետների տեխնիկական ուսուցում եւ կոնսուլտացիաներ կտրամադրի շուկայի վերաբերյալ:

Գործակալության հաղորդման համաձայն, լաբորատորիան կոչված է առաջ մղել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների ինտեգրացումը իրերի ինտերնետի հետ, ինչպես նաեւ նպաստել այնպիսի ինդուստրիաների թվայնացմանը, ինչպիսիք են արտադրությունը, մեծածախ առեւտուրը, առողջապահությունը եւ պետական ծառայությունների հատվածը:

«Չինաստանն ունի իրերի ինտերնետի ամենամեծ շուկան: Արհեստական ինտելեկտը եւ իրերի ինտերնետը հսկայական ներուժ ունեն Չինաստանում»,-գործակալությունը մեջբերում է այս երկրում Microsoft-ի ներկայացուցչության փոխնախագահ Կան Ժունի խոսքը: Պուդունի շրջանում, որը քաղաքի բարձրտեխնոլոգիական ֆինանսական կենտրոնն է, աշխատում են 100-ից ավելի ընկերություններ ու կազմակերպություններ, որոնք զբաղվում են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս