Հայաստանն առաջին անգամ կներկայացնի ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի թեկնածու

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանին:

Վերջինս նախարարի պաշտոնակատարին ներկայացրել է մանրամասներ այս տարի սեպտեմբերին նախատեսավող ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի նոր ղեկավարի ընտրության վերաբերյալ: Նա նշել է, որ ԱՀԿ անդամ 53  երկրները իրավասու են ներկայացնելու թեկնածուներ:

Առողջապահության նախարարության առաջարկով, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է Թաթուլ Հակոբյանի թեկնածությունը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային տնօրենի պաշտոնում ընտրվելու համար:

Սեպտեմբերին կայանալիք ընտրության ժամանակ 53 երկրի պատվիրակներ կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին, իսկ կընտրվի այն թեկնածուն, ով կստանա առնվազն 27 ձայն: Այսպիսով, ընտրությունները մրցակցային են:

Արսեն Թորոսյանն ու Թաթուլ Հակոբյանը քննարկել են մրցույթի նախապատրաստական աշխատանքները և միջոցառումների ժամանակացույցը:

Նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու գործընթացին:

 

Տեսանյութեր

Լրահոս