Բաժիններ՝

Եվրամիությունը Մեյից նոր առաջարկություններ է սպասում Brexit-ի վերաբերյալ. Մերկել

Եվրամիությունը ջանում է նվազագույնի հասցնել Brexit-ից վնասը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից նոր առաջարկություններ է սպասում այն բանից հետո, երբ խորհրդարանը հունվարի 15-ին չպաշտպանեց հանրակցությունից դուրս գալու նրա պլանը: Այդ մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի հայտարարությունը հեռարձակում էր N-TV հեռուստաալիքը:

«Կարծում ենք, որ այժմ բրիտանական կողմը պետք է ասի, թե ինչ է լինելու հետո»,- նշել է կանցլերը: «Փորձելու ենք շարունակել աշխատանքը Մեծ Բրիտանիայի դուրս գալը կանոնակարգելու համար»,- հավելել է նա: Մերկելի խոսքով՝ Եվրամիությունը շարունակում է Brexit-ի կանոնակարգման հնարավորություն փնտրել:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառել է Մեծ Բրիտանիայի հետ Եվրամիության նոր բանակցությունները նրա դուրս գալու պայմանների շուրջը: «Կարելի է բարելավել մեկ կամ երկու կետ, բայց ես դրան առանձնապես չեմ հավատում, որովհետեւ մենք առավելագույն հնարավորն արեցինք համաձայնագրի համար եւ բրիտանացիների ներքին խնդրի լուծման համար չենք հրաժարվի եվրոպացիների շահերի պաշտպանությունից»,- նշել է նախագահը:

Նա նաեւ հավելել է, որ առանց համաձայնագրի Եվրամիությունից թագավորության դուրս գալուց առաջին հերթին տանուլ կտան իրենք՝ բրիտանացիները:
Հունվարի 15-ի երեկոյան կայացած քվեարկության ընթացքում բրիտանացի պատգամավորները մերժել են Brexit-ի պայմանների շուրջը Եվրամիության հետ գործարքը:

432 պատգամավոր դեմ է արտահայտվել գործարքին, որն անցյալ տարվա նոյեմբերին հավանության էր արժանացել Լոնդոնի եւ Բրյուսելի կողմից 1,5 տարվա բանակցություններից հետո: Համաձայնագրի այդ նախագիծը, որի ընդունումը պնդում էր վարչապետ Թերեզա Մեյը, պաշտպանել է 202 պատգամավոր: Այսպիսով, գործարքը մերժվել է 230 ձայնի տարբերությամբ, ինչը դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենախոշոր պարտությունը վերջին 95 տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս