«Արման Աբովյանը թող պատմի, օրինակ, Ուկրաինայում նրա հնդկահավերի բիզնեսի մասին». Արման Բաբաջանյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը պատրաստ է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեության վերաբերյալ փաստեր ներկայացնել դատարանում:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Մանուկյանի վերաբերյալ լուրերի՝ ադրբեջանական քարոզչության մասին պնդումները հակադարձման հին մեթոդ է, և Անդրանիկ Մանուկյանն ինքը բազմիցս նշել է, որ դիվանագետ չէ, բիզնեսմեն է, և Արման Աբովյանը թող պատմի, օրինակ, Ուկրաինայում նրա հնդկահավերի բիզնեսի մասին և այլն:
Բաբաջանյանը վստահեցրեց, որ իր խնդիրը ոչ թե Մանուկյանն է կամ այլ դեսպան, այլ գլոբալ հարցը, և այսօր պետք է կենտրոնանալ նախկինում նշանակված և դեռևս պաշտոնավարող դեսպանների պաշտոավարման նպատակահարմարության հարցի վրա:
«Ես կարծում եմ՝ ոչ մի լարվածություն էլ չկա: Իմ ելույթը քաղաքական ելույթ էր: Եթե հիմա Անդրանիկ Մանուկյանի որդին էր այստեղ նստած, և Տողանյանի կամ Ռուբեն Սադոյանի որդին նստած չէր, ես դրանում ոչ մի մեղք չունեմ: Ես իմ ելույթը չեմ կարող կառուցել՝ նկատի առնելով, թե ում որդին է նստած Ազգային ժողովի դահլիճում և իմ ելույթները չեմ կարող պայմանավորել և ծրագրել ինչ-որ մեկի որդու կամ խմբակցության խնամիական հարաբերությունների և մնացածի առումով»,- ասաց նա:
Հարցին՝ Միքայել Մինասյանը ինչպիսի՞ դեսպան է եղել, Բաբաջանյանը հայտարարեց, թե նա Հայաստանի լավագուն դեսպաններից է եղել, ինչը փաստում է և Ցեղասպանության 100-ամյակի առիթով Վատիկանում տեղի ունեցած հայտնի պատարագը և Վատիկանի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև Հռոմի Պապի պատմական այցը Հայաստան: