Դատարանը վերսկսեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է՝ նիստը հետաձգվում է՝ կապված Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից դատավոր Արթուր Մկրտչյանին ներկայացված ինքնբացարկի հետ, որն արդեն երկու անգամ մերժվել է։
Հիշեցնենք, որ դատարանը քննարկվում է ներկայացված երկու միջնորդություն՝ առաջինը Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունն է, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է երկարացվի ևս երկու ամսով, մյուսը՝ փաստաբանների ներկայացրած միջնորդությունն է՝ Ռոբետր Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։
Դատական նիստից առաջ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նախորդ դատական նիստերի ընթացքում գրավի միջնորդությունն ըստ էության չի քննվել և այն դառնում է առարկայազուրկ, քանի որ եթե դատարանը բավարարեց ՀՔԾ-ի ներկայացրած միջնորդությունը, ապա գրավի կիրառումն առանձին քննարկելը դառնում է անիմաստ։
«Եթե դատարանը մերժեց ՀՔԾ-ի միջնորդությունը, ապա գրավի միջնորդության քննությունն առաջիկա չորս օրերի ընթացքում կամ մինչև հունվարի 20-ը կլինի առարկայական»,- ասաց Ա. Օրբելյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ երրորդ դիմումը, որը պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան, արդեն մշակման փուլում է, ամեն ինչ նաև կախված է դատական այս գործընթացից, որից հետո հնարավոր է դիմումի մեջ ներառվի նաև 18-րդ հոդվածը՝ քաղբանտարկյալի տարրը։
«Հայկական դատական գործընթացներում այս համատեքստում հարցը չի քննարկվում, ցույց ենք տալիս խախտումները և դրանց դեմ պայքարում իրավական գործիքակազմով։ Շատ կարևոր է, որպեսզի հասկականք, թե այսօր դատարանն ինչ որոշում կկայացնի, ինչպես կհիմնավորի»,-նշեց Արամ Օրբելյանը։
Զվարթ Խաչատրյան