Բաժիններ՝

Մոսկվայի քաղաքային իշխանությունը հայ կաթողիկե համայնքին հողատարածք է տրամադրել

Մոսկվայի քաղաքային իշխանությունը հայ կաթողիկե համայնքին հողատարածք է տրամադրել՝ եկեղեցի կառուցելու համար:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդարանից՝ փաստելով, որ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդ արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի՝ հունվարի 11-ին Ռուսաստան կատարած հովվական այցից հետո Մոսկվայի քաղաքային իշխանությունները հրապարակել են տեղեկատվություն՝ այն մասին, որ քաղաքապետարանի քաղաքաշինական-հողային հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել հայ կաթողիկե համայնքին հանձնելու հողատարածք՝ եկեղեցու կառուցման համար:

Հողատարածքը Մոսկվայի Հարավային Բուտով շրջանում է և կազմում է 0,7 հա: Հանձնաժողովի քարտուղար Անաստասիա Պյոտվան ասել է հետևյալը. «0,7 հա հողատարածքը կտրամադրվի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ժողովրդապետությանը՝ 9 տարի անհատույց օգտագործման իրավունքով՝ եկեղեցու և հոգևոր-մշակութային կենտրոնի նախագծման և կառուցման համար»:

Եկեղեցու ընդհանուր մակերեսը կարող է կազմել մինչև 1000 քմ, իսկ հոգևոր կենտրոնը՝ մոտ 850 քմ: Նոր կառուցվելիք եկեղեցին կլինի Մոսկվայի առաջին հայ կաթողիկե եկեղեցին ողջ պատմության ընթացքում: Ըստ պաշտոնական տվյալների՝ Մոսկվայում այժմ ապրում է մոտ 500 հայ կաթոլիկ ընտանիք, իսկ ամբողջ Ռուսաստանում հայ կաթոլիկների թիվը մոտ 100 000 է:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս