2019 թվականի սկզբից Եվրոպա են ժամանել 2000-ից ավելի միգրանտներ ու փախստականներ
2019 թվականի առաջին երկու շաբաթվա ընթացքում Եվրոպա են ժամանել երկու հազարից ավելի միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին Ժնեւում կայացած բրիֆինգում հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:
ՄՄԿ-ի տվյալներով՝ տարեսկզբից եվրոպական ափեր է հասել 2,2 հազար մարդ, զոհվել է 16 փախստական: Ամենից ավելի շատ միգրանտներ են ժամանել Իսպանիա (1609 մարդ), Հունաստան (489) եւ Իտալիա (53): Անցյալ տարվա նույն այդ ժամանակաշրջանում Եվրոպա էր հասել 1915 մարդ, ընդ որում զոհվել էր 194 միգրանտ:
ԵՄ-ի Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնն ստանձնած Ռումինիայի ներկայացուցիչը՝ Մելանյա-Գաբրիելա Չոթը, հունվարի 15-ին Եվրոպական խորհրդարանում հայտնել է, որ 2018 թվականին մոտավորապես 150 հազար միգրանտներ են ժամանել Եվրամիության երկրներ, ինչը մեկ քառորդով պակաս է 2017 թվականի ցուցանիշի համեմատությամբ:
«Միջերկրական ծովի գոտում միգրացիայի հետ կապված իրադրությունը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է: Այդ մասին վկայում են եվրոպական աշխարհամաս ժամանած միգրանտներին վերաբերող տվյալները. 2018 թվականին նրանք 150 հազար էին, ինչը մեկ քառորդով նվազում է 2017 թվականի իրադրության մոակարդակի համեմատությամբ: Դա ամենացածր մակարդակն է վերջին հինգ տարվա ընթացքում»,- ընդգծել է Չոթը:
Ընդ որում՝ 2018 թվականի ցուցանիշը 92 տոկոսով ցածր է միգրացիոն հոսքի այն բարձրակետից, որը դիտվել է ճգնաժամային 2015 թվականին: Այդ ամենը ցույց է տալիս, որ հանգուցային երկրների հետ գլոբալ գործողությունները եւ համագործակցությունը գործուն են եւ պետք է շարունակվեն»,-նշել է ԵՄ-ի Նախարարների խորհրդի ներկայացուցիչը, հաղորդել ՌԻԱ Նովոստին: