«Հայաստանը պետք է զգույշ լինի»

Հունվարի 16-ին Փարիզում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի թվով չորրորդ հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Թե ինչ արդյունք կարձանագրվի այս հանդիպման ընթացքում, և որն է երկու նախարարների հանդիպման նպատակն ու օրակարգը՝ հայտնի չէ, սակայն ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նպատակն է՝ պահել, պահպանել բանակցային գործընթացը:

«Միևնույն ժամանակ սա այն միակ ձևաչափն է, որից հրաժարվելը կնշանակի՝ հակամարտությունից դուրս մղել արտաքին վերահսկողական բաղադրիչը, ինչը անհետևանք չի մնա: Ուստի, քանի դեռ չեն գտնվել ավելի ազդեցիկ ձևաչափեր, այս հարթակում կշարունակվեն աշխատանքները: Ինչ վերաբերում է կողմերի տրամադրվածությանը, ապա խորքային առումով կողմերի դիրքորոշումները նույնն են, բայց  ընթանում է միմյանց  տրամադրությունները «շոշափելու»  աշխատանք, և դա դեռ կշարունակվի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է նա:

Իսկ ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի համոզմամբ՝ ակնհայտ է, որ կողմերն ինչ-որ ծրագրեր են քննարկում, ինչն ուրվագծվում է տեղեկատվական այն ֆոնից, որը կար վերջին երկու ամիսների ընթացքում և այն պայմանավորվածությունից, որը գրանցվեց Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեում թեժ գիծ ստեղծելու վերաբերյալ.

Կարդացեք նաև

«Ակնառու արդյունքը կլինի նախագահի և վարչապետի հանդիպման կազմակերպումը: Բայց է՛լ ավելի խորքային աշխատանք է ընթանում, ավելին, հայկական կողմն ավելի ապակառուցողական է, քան ադրբեջանականը, քանի որ հակասական քաղաքականություն է վարում: Այնուամենայնիվ, իրավիճակը բավականին խոցելի է Հայաստանի համար, Ադրբեջանը խորացնում է իր համագործակցությունը Թուրքիայի, ՌԴ-ի հետ, Մերձավոր Արևելքում ևս իրավիճակը փոփոխվում է, ԱՄՆ-ի դիրքորոշումը ևս զգացնել է տալիս, մի շարք կոչեր են հնչում՝ ակտիվացնել Վաշինգտոնի քաղաքականությունը ԼՂ հակամարտության գոտում Թեհրանի և ՌԴ-ի ազդեցությունը նվազեցնելու նպատակով: Բայց այդ ազդեցությունը Ռուսաստանը փորձելու է պահպանել եթե ոչ՝ Հայաստանի, ապա՝ Ադրբեջանի միջոցով:

Սրանք բոլորը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա ազդող գործոններ են, որոնք պետք է հաշվի առնվեն հայկական կողմի կողմից, քանի որ շատ դաշնակիցներ Հայաստանն այս գործընթացում չունի, պետք է զգույշ գործի»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս