Բաժիններ՝

Նարեկ Մալյանը խոստանում է Մհեր Ենոքյանի մասին նոր նյութ հրապարակել, որից հետո բոլորը կհամոզվեն, թե որքան վտանգավոր է նա

«Տարիներ շարունակ մարդասպանի կինը լկտիաբար խաբել է հասարակությանը, կառուցել է ստի և կեղծիքի պատ և դրա դիմաց վճարվել է արտասահմանյան գրանտներով։ Ինձ այս գործում ներքաշել են, երեք տարի առաջ մարդասպանը լկտիություն ունեցավ՝ ինձ դատի տվեց իր պատվի և արժանապատվության հայցով։ Դրանից հետո սկսեցի ավելի մոտիկից ծանոթանալ այս գործի հետ և յուրաքանչյուր նյութ ուսումնասիրելուց հետո ավելի ու ավելի էի սարսռում»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի քրեական գործին՝ նշեց նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը։

Հիշեցնենք, որ Ն. Մալյանը վերջերս հրապարակել էր տեսանյութ, որտեղ Մհեր Ենոքյանը խոստովանում է, որ ինքն է սպանել կուրսընկերոջը՝ Իոսիֆ Աղաջանովին։ Տեսանյութն ուղեկցվում էր դաժան կադրերով։ Ըստ Ն. Մալյանի, այդ տեսանյութի մասին տեղյակ չեն եղել ո՛չ Մ. Ենոքյանի կինը, ո՛չ զոհի հարազատները։

Ն. Մալյանը նաև տեղեկացրեց, որ այսօր կհրապարակի մի նյութ, որը մինչև այսօր հրապարակված չի եղել, որը, նրա կարծիքով՝ ոչ պակաս սարսափելի կարող է լինել։

«Այդ տեսանյութը դիտելուց հետո  կտեսնեք, որ Մհեր Ենոքյանը ոչ միայն չի ուղղվել, այլև՝ ավելի է հմտացել իր չարագործությունների մեջ, և նա հասարակության համար շատ վտանգավոր է։ Հանրությունը հիվանդ է, և նրան հիվանդացրել են փողի դիմաց։ Շատ խորհրդանշական է, որ կառավարության դիմաց այժմ ընթացող ցույցը կազմակերպել են հենց բժիշկները»,- շեշտեց Ն. Մալյանը։

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ Մհեր Ենոքյանն ազատորեն կարողանում է օգտվել համացանցից, իսկ նրա կինը հանդիսանում է բարձրաստիճան պաշտոնյա, ով ամբողջությամբ գտնվում է Մ. Ենոքյանի ազդեցության տակ, որի արդյունքում ստեղծվել է վտանգավոր իրավիճակ, քանի որ մարդասպանն ունի սեփական պաշտոնյա ՀՀ կառավարությունում, որը կարող է ազդել որոշումների վրա։

«Այս ամենի մեջ Զարուհի Մեջլումյանին դիտարկում եմ՝ որպես զոհ, նա շատ մեծ գին է վճարում այդ մարդասպանի հերոսացման համար»,- նշեց Ն. Մալյանը։

Անդրադառնալով այն հայտարարությանը, որ ոստիկանությունը սկսել է իրենով հետաքրքրվել, Նարեկ Մալյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան իրեն զանգահարել են ոստիկանությունից և հայտնել են, որ Զ. Մեջլումյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Ն. Մալյանն իր գրառումներով հոգեկան հուզմունք է պատճառել իրեն և դրդում է ինքնասպանության։

Հիշեցնենք, որ սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքը և գործընկեր բժիշկներն այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում ունի կառավարությունը Մ. Ենոքյանին ներում շնորհելու վերաբերյալ, որի մասին խոսակցություններն օրեր շարունակ պտտվում են հանրության շրջանում։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս