
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ նախագահի թեկնածու չի առաջադրի

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում թեկնածու չի առաջադրի: Այս մասին ԱԺ առաջին նիստի ընթացքում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք քննարկում էինք, թե արդյոք պե՞տք է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել մեր թեկնածուին, թե ոչ: Հայաստանյան ընդդիմության պատմությունը ցույց է տալիս, որ միշտ ընտրվել է առաջադրելու ճանապարհը: Դրանով ընդդիմությունը երկու հարց է լուծել: Առաջինը ամեն ինչ արել է, որ ձայնը չտա իշխանության թեկնածուին, երկրորդը բանավեճ է ձևավորել այն հարցում, թե ինչպիսին պետք է լինի ԱԺ նախագահը: Մենք այս քննարկման ընթացքում որոշեցինք թեկնածու չառաջադրել, որովհետև խնդիր չունենք մեր ձայնը տալու քաղաքական մեծամասնության թեկնածուին, իսկ բանավեճը կարող ենք ունենալ այլ ճանապարհով»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
ԱԺ նախագահի միակ թեկնածուն «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Արարատ Միրզոյանն է: