Մհեր Ենոքյանի՝ հնարավոր ազատ արձակման դեմ ստորագրահավաքին միացած բուժաշխատողների թիվն արդեն շուրջ 1200 է
168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ Հանրապետության տարբեր հիվանդանոցների թվով 800-ից ավելի բժիշկներ ստորագրահավաք են իրականացրել, որով իրենց բացասական վերաբերմունքն են հայտնում Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման լուրին:
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը մեղադրվում է 1996թ. 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հրեշավոր սպանության մեջ։ Այդ գործով նա նախ գնդակահարության է դատապարտվել, ապա պատժատեսակը ցմահ ազատազրկմամբ է փոխարինվել։
Ներկայումս «Նուբարաշեն» որեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Մհեր Ենոքյանին ներելու նախագծին Արդարադատության նախարարության ներման հանձնաժողովը` նախարար Ա. Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել, և այժմ ՀՀ վարչապետն ու նախագահի պետք է որոշեն՝ Ենոքյանն ազատ կարձակվի, թե՞ ոչ:
168.am-ի տեղեկություններով Մհեր Ենոքյանի՝ հնարավոր ազատ արձակման դեմ ստորագրահավաքին միացել էին մասնավորապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Շենգավիթ», «Մուրացան» բժշկական կենտրոնների, «Միքայելյան վիրաբուժության կենտրոնի», «1-ին համալսարանական կլինիկայի» , «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «2-րդ բուժմիավորման», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի»` Մարգարյան ծննդատան, «Ուիգմոր» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնների բազմաթիվ բուժաշխատողներ:
Եվ այսօր արդեն 168.am-ին հայտնի դարձավ, որ այդ ստորագրահավաքին են միացել նաև «Սլավմեդ», «Սուրբ Աստվածածին», «Բեգլարյան» բժշկական կենտրոնների, «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանության ազգային կենտրոնի», Առողջապահության ազգային ինստիտուտի, բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների տեղադրման և միացման աշխատանքներ իրականացնող «Էմերգոմաշ» կոնցեռնի, «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի», «Դիալաբ», «Կոալիք-վիտա», «Էլիտ-մեդ» և «Մաշկավեներոլոգիական» կենտրոնների, Ոստիկանության Ավանի հոսպիտալի, «Վիկտորյա Քոնսալթինգ» դեղորայքային ընկերության մի շարք աշխատակիցներ։
Այսպիսով, ստորագրահավաքին արդեն իսկ միացել են շուրջ 1200 բուժաշխատողներ։
Հիշեցնենք, որ դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը` պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, երկար տարիներ զբաղեցնում է Բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը, և երկրի բժշկական համայնքը իր զորակցությունն է հայտնում իրենց գործընկերոջը, հարգված գիտնականին: Զոհի քույրը՝ Ելենա Աղաջանովան, նույնպես բժշկուհի է, պրոֆեսոր։
Այսօր՝ ժամը 13.00-ին, տուժողի իրավահահաջորդներն ու նրանց աջակիցները իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու այդ որոշման դեմ Կառավարության 1-ին մասնաշենքի մոտ։