Բաժիններ՝

«Տուշոնկայի փաստաբան», «տուշոնկայի կռիշկա»… ակցիայի մասնակիցները՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանին

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ  պետք է կայանար գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։

Սակայն նիստը չկայացավ, ըստ լրագրողների հետ զրույցում Մ. Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանի, դատական նիստը չի կայացել զուտ տեխնիկական պատճառներով։

«Նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառներով, որովհետև որոշակի փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա, միջնորդությունները պատրաստելու և ներկայացնելու համար տրամադրվել է ողջամիտ ժամանակ։ Նիստը կկայանա մեկ այլ օր, այս պահին հստակ չեմ կարող օրն ասել»,- ասաց Արսեն Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում էր կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մ. Գրիգորյանին։ Որոշումը Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Կարդացեք նաև

Մանվել Գրիգորյանի փաստաբանը նաև մեկ խնդիր առաջ քաշեց: Նրա խոսքով՝ նիստն անհնարին է անցկացնել նաև այնպիսի պայմաններում, երբ դրսում մի խումբ մարդիկ բողոքում են, երբ փողոցից ինչ-որ մեկը բութը վերև ու ներքև է հանում, ուղիղ եթեր մտնում ու հայտարարում, թե «պայքարում են արդարադատության դեմ» և դրա համապատասխան արձագանքը չեն ստանում։

Ինչ վերաբերում է նիստին Մանվել Գրիգորյանի մասնակցությանը, փաստաբանը տեղեկացրեց, որ առողջական խնդիրների պատճառով նա չի կարողացել ներկա գտնվել նիստին, չնայած միշտ պատրաստակամություն է հայտնում նիստերին իր ներկայությունն ապահովելու համար։

«Մանվել Գրիգորյանը բացարձակ կապ չունի իրեն մեղսագրվող սույն քրեական գործով արարքների հետ, եթե այդպես չլիներ,  և վստահ չլինեի, երբեք չէի պաշտպանի նրա շահերը»,- շեշտեց Ա. Մկրտչյանը։

Ի դեպ, այսօր Էջմիածնի մի շարք բնակիչներ կրկին վերսկսել են բողոքի ակցիան։ Նրանք պահանջում են, որպեսզի դատարանը կալանավորի Մանվել Գրիգորյանին, նրանք երթով շարժվել էին դեպի Վերաքննիչ դատարան։

Խոսելով բողոքի ակցիայի մասին, Մ. Գրիգորյանի փաստաբանը նշեց, որ կարող են ակցիայի մասնակիցները բողոքել, բայց այնպես պետք է անեն, որպեսզի չխոչընդոտեն իր մուտքը դեպի դատարան։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսի 19-ին` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Դատարանի մոտ հավաքված ակցիայի մասնակիցները շենքից դուրս գալիս մոտեցան փաստաբանին՝ հայտարարելով, թե նա վիրավորել է իրենց՝ ասելով «թափթփուկներ»: Սակայն Ա. Մկրտչյանն ասաց, որ ինքը նման բան չի ասել, և հորդորեց նրանց նորից լսել իր խոսքը:

Ակցիայի մասնակիցները փաստաբանի ետևից սկսեցին բացականչել՝ «տուշոնկայի փաստաբան», «տուշոնկայի կռիշկա»:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս