Ֆրանսիայի բնակչությունը կորցնում է վստահությունը քաղաքական գործիչների և իշխանության ինստիտուտների նկատմամբ. հարցում
Ֆրանսիացիներն ավելի ու ավելի բացասական են գնահատում բոլոր մակարդակների քաղաքական գործիչների գործունեությունն իրենց երկրում եւ պետական հաստատությունների աշխատանքը: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի արդյունքները, որոնք հունվարի 11-ին հրապարակել է Le Figaro թերթը:
«Վստահության տարեկան վարկանիշ» անվանումը կրող հարցումն արդեն տասներորդ անգամ Ֆրանսիայում անցկացվել է Opinion Way եւ Cevipof (Քաղաքական կյանքի ուսումնասիրման կենտրոն) ծառայությունների կողմից: Հավաքված տվյալները վկայում են, որ տարվա ընթացքում նախագահական իշխանության ինստիտուտի նկատմամբ վստահության մակարդակն ընկել է 13 տոկոսային կետով՝ մինչեւ 23 տոկոս: Վստահության ցուցանիշը որոշ չափով բարձր է խորհրդարանի պատգամավորների նկատմամբ՝ 31 տոկոս (նվազումը՝ 4 տոկոսային կետ):
Ընդսմին ֆրանսիացիները, ինչպես եւ անցած տարիներին, շարունակում են վստահել իրենց քաղաքագլուխներին. նրանց նկատմամբ վստահության մակարդակը 58 տոկոս է, ինչը նախորդ ցուցանիշից բարձր է 1 տոկոսային կետով: Պետական կազմակերպությունների եւ հաստատությունների նկատմամբ վերաբերմունքի վարկանիշի ամենացածր նշագծին քաղաքական կուսակցություններն են, որոնց վստահում է հարցվածների 9 տոկոսը, ինչպես եւ մեկ տարի առաջ: Ցածր վստահության գոտում են մնում ԶԼՄ-ները՝ 23 տոկոս ցուցանիշով, ինչը նախորդին զիջում է 1 տոկոսային կետով:
Ընդսմին արհմիություններն ստացել են ձայների 27 տոկոսը, ինչպես եւ բանկերը: Այս վարկանիշի վերին մասում տեղ են զբաղեցրել հիվանդանոցները (78 տոկոս, պլյուս 2 տոկոսային կետ), բանակը (74 տոկոս, պլյուս 2 տ.կ.) եւ ոստիկանությունը (74 տոկոս, պլյուս 1 տ.կ.): Քաղաքական գործիչներից առաջին տեղում «Ազգային միավորման» առաջնորդ Մարին լե Պենն է՝ վստահության 25 տոկոս եւ անվստահության 70 տոկոս ցուցանիշով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երրորդ տեղում է, նա զիջում է նաեւ վարչապետ Էդուար Ֆիլիպին, որի վստահության մակարդակը 20 տոկոս է:
Հարցման համաձայն, հիմնական զգացումները, որոնք ֆրանսիացիների մեջ առաջացնում է երկրի քաղաքական կյանքը, հոգնածությունն է դրա իրադարձություններից, խառնաշփոթությունը, անվստահությունն ու վախը: Դրանց բաժին է ընկնում պատասխանների 81 տոկոսը, ինչը 4-ից մինչեւ 7 տոկոսային կետով գերազանցում է նախորդ ցուցանիշը: Ընդսմին դրական զգացումներ՝ հետաքրքրություն, հույս, ոգեւորություն ու դրական տրամադրվածություն, Ֆրանսիայի քաղաքական կյանքն առաջացնում է հարցվածների միայն 17 տոկոսի մեջ:
Ընդ որում՝ 85 տոկոսը (պլյուս 1 տ.կ.) վստահ է, որ քաղաքական գործիչները «չեն հետաքրքրվում հասարակ մարդկանց կարծիքով»: Միեւնույն ժամանակ, պատասխանելով անկետայի հարցերին, հարցման մասնակիցների 55 տոկոսը նշել է, որ պատրաստ է մասնակցել ցույցերի՝ ի պաշտպանություն իրենց գաղափարների (ցուցանիշի ավելացումը կազմել է 4 տ.կ.): Հարցումն անցկացվել է 2018 թվականի դեկտեմբերի 13-ից 24-ը: Դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի 2116 մարդ, որոնք ներառված են ընտրացուցակներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: