«Մանվել Գրիգորյանի դեմ վերսկսվող բողոքի ակցիայի պահանջները ոտնահարում են մարդու իրավունքները». փաստաբան
Նախորդ տարվա վերջին, երբ դատարանը գրավով ազատ արձակեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին, Էջմիածին քաղաքում տեղի ունեցան բողոքի ակցիաներ։
Ակցիայի մասնակիցները մի քանի ժամով փակել էին Էջմիածնի ճանապարհը և կաթվածահար արել երթևեկությունը։ Բողոքի ակցիային մասնակցել էր նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ով նշել էր, որ բողոքի ակցիա իրականացնող չէ, պարզապես այնտեղ է եկել քաղաքացիների կողքին լինելու համար։
Մի քանի օր է՝ մամուլում տեղեկատվություններ են տարածվում, որ Էջմիածինում հունվարի 11-ից պատրաստվում են վերսկսել Մանվել Գրիգորյանի դեմ ուղղված բողոքի ակցիաները։ Եթե նախկինում ակցիայի մասնակիցները բողոքում էին դատարանի որոշման դեմ, ապա այս անգամ պահանջելու են, որպեսզի նախկին պատգամավորը հեռանա Էջմիածնից։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր նախորդ տարվա հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Մկրտչյանն անդրադառնալով սպասվող բողոքի ակցիային, նկատեց՝ այս հարցում արդեն պետք է իրավապահ համակարգը գործի և արձագանքի։
Փաստաբանի բնորոշմամբ՝ նման պահանջները կարող են վկայել քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարման մասին։
«Միանշանակ այստեղ կա մարդու իրավունքների խախտում, այս մասին բազմիցս ասել ենք։ Անձամբ սոցիալական ցանցերում բացահայտել եմ ակցիայի որոշ կազմակերպիչների անհավասարակշիռ լինելու հանգամանքը և ուղղորդված գործողությունները։
Ենթադրում եմ, որ այդ ակցիաներում միտումներ կան՝ գնալու սադրիչ գործողությունների, որպեսզի հասկանան, թե պատասխանն ինչ գործողություն է լինելու Մ. Գրիգորյանի ընտանիքի անդամների, բարեկամների , անգամ՝ փաստաբանական խմբի կողմից։ Բայց մենք չենք ենթարկվելու այդ սադրանքներին։ Կարծում եմ՝ իշխանությունները բավականին լուրջ լծակներ ունեն նման հասարակական կարգի խախտումն ու այլոց իրավունքների ոտնահարման դեմն առնելու համար»,- ասաց Արսեն Մկրտչյանը։
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սպասվող բողոքի ակցիայի մասին տեղեկատվությանը ծանոթացել է համացանցից, ուստի չգիտի, թե սկզբնաղբյուրը որտեղից է, ովքեր են նման բան հայտարարել, կամ արդյո՞ք բողոքի ակցիա կլինի։
«Այս ամենը հաշվի առնելով՝ այս պահին վաղաժամ եմ համարում որևէ հայտարարություն անել կամ այս հարցին անդրադառնալ, քանի որ որևէ քննարկում չի եղել, և վաղ է որևէ ենթադրություն անելը։ Իրականում պետք է սպասենք և տեսնենք, վաղը ցույց կլինի՞, թե՞ ոչ, ըստ իրավիճակի՝ կարձագանքնեմ։ Բայց որևէ պարագայում պասիվ չեմ լինելու»,- եզրափակեց Էջմիածնի քաղաքապետը։
Զվարթ Խաչատրյան