Բաժիններ՝

«Սևանա լճի սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է». Նիկոլ Փաշինյանը հանձնարարական տվեց Վալերի Օսիպյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին հանձնարարեց քայլեր ձեռնարկել կենդանատեսակների ապօրինի որսը բացառելու ուղղությամբ:

«Այն պետք է բացառվի ընդհանրապես: Գիտեմ, որ Ամանորից առաջ մի քանի դեպք է բացահայտվել, մեր հայրենակիցները պետք է իմանան, որ բնության պահպանության գործում առանձնակի նախանձախնդիր վերաբերմունք և դիրքորոշում ենք ունենալու»,- կառավարության նիստում ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Միաժամանակ նա նշեց, որ այսօր զեկուցագիր է ստացել այն մասին, որ ի հեճուկս որոշումների՝ Սևանա լճի սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է:

«Լուրերով էլ ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում վաճառվում է Սևանի սիգ: Մենք արդեն այս հարցը քանի անգամ քննարկում ենք, այստեղ մենք պետք է իսկապես մտածենք երկարաժամկետ խնդրի լուծման մասին: Այդ լուծման մեթոդը կազմակերպական որոշակի լուծումների հասնելն է Սևանա լճում: Համենայն դեպս, այն զեկուցագիրը, որ ես ստացել եմ, նշվում է մեր մի շարք գերատեսչությունների թերացման մասին, այդ թվում՝ Բնապահպանության նախարարության, Ոստիկանության, «Սևան» ազգային պարկի: Դա, իհարկե, կքննարկենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա կոչ արեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին՝ Ոստիկանության պետի, Գեղարքունիքի մարզպետի Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավարի հետ քննարկել այդ թեման և կոնկրետ լուծումներ առաջարկել երկարաժամկետ առումով:

«Ինչքան հասկացա, հիմա սիգի վերարտադրման համար կարևոր փուլ է, և կարծես այդտեղ շատ բան առնվազն չենք անում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս