![](/banners/BeFunky-design.jpg)
Ավստրալիայում ձերբակալվել է դեսպանատներ անհայտ նյութով փաթեթներ ուղարկելու մեջ կասկածվողը
![](https://168.am/wp-content/uploads/2018/03/kalanq.jpg)
Ավստրալիայի ֆեդերալ ոստիկանությունը ձերբակալել է 48-ամյա այն տղամարդուն, որը մեղադրվում է Մելբուռնում, Կանբերայում եւ Սիդնեյում 16 երկրների դեսպանատներ ու հյուպատոսարաններ անհայտ նյութ պարունակող 38 փաթեթ ուղարկելու մեջ: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում գերատեսչության պաշտոնական էջում:
«Շեպարտոն քաղաքի (արվարձան Մելբուռնի հյուսիսում) 48-ամյա բնակիչը ձերբակալվել է իր տանը: Նրան մեղադրանք է առաջադրվել փոստային ծառայությամբ վտանգավոր նյութեր ուղարկելու համար, ինչը համարվում է ֆեդերալ հանցագործություն»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Սպասվում է, որ դատարանում տղամարդուն մեղադրանք կառաջադրվի Մելբուռնում, Կանբերայում եւ Սիդնեյում գտնվող դեսպանատներ ու հյուպատոսարաններ 38 փաթեթ ուղարկելու համար:
Մինչ այժմ ոստիկանությունն առգրավել է 29 նման փաթեթ, որոնք այժմ հետազոտում են փորձագետ-քրեագետները: Նման հանցագործությունների համար ավստրալական օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատիժը 10 տարվա բանտային կալանքն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: