
Կիմ Չեն Ունը խոստացել է ջանքեր ներդնել Թրամփի հետ հանդիպումն արդյունավետ դարձնելու համար

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հանդիպմանը հավաստել է հանձնառությունը Կորեական թերակղզու միջուկազերծմանը եւ խոստացել է ջանքեր ներդնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն արդյունավետ դարձնելու համար: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
«ԿԺԴՀ-ն այսուհետեւ էլ առաջնորդվելու է Կորեական թերակղզու միջուկազերծման եւ նրա խնդիրները երկխոսության ու խորհդակցությունների ճանապարհով լուծելու սկզբունքով, ինչպես նաեւ ջանքեր կգործադրի, որպեսզի ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը հասնի այնպիսի արդյունքների, որոնք կողջունի միջազգային հանրակցությունը»,- գործակալությունը մեջբերել է Կիմ Չեն Ունի խոսքը: Կիմ Չեն Ունը ՉԺՀ-ի նախագահի հրավերով հունվարի 7-ից 9-ը այցով գտնվում էր Պեկինում:
ԿԺԴՀ-ի առաջնորդին Չինաստան այցի ընթացքում ուղեկցում էին Կորեայի աշխատանքային կուսակցության Միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը, որը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն: Հունվարի 8-ի երեկոյան ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահը պաշտոնական հանդիպում Է անցկացրել Սի Ցզինպինի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: