Բաժիններ՝

Ավստրալիայի իշխանությունները կխստացնեն դրոնների օգտագործման հսկողությունը

Ավստրալիայի իշխանությունները 2019 թվականի հունվարից մոնիթորինգի նոր մեթոդներ կսահմանեն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նկատմամբ եւ կխստացնեն անվտանգության հսկողությունը` ի պատասխան դրանց օգտագործման առնչությամբ հասարակության մեջ առկա երկյուղներին: Այդ մասին հայտնել է The Australian թերթը:

«Տեխնոլոգիաների եւ անօդաչուների հնարավորությունների արագ զարգացումը՝ դրանց հասանելիության հետ զուգորդմամբ, դրանց օգտագործման նկատմամբ հսկողության նոր միջոցներ կիրառելու անհրաժեշտություն է ստեղծել»,-հրատարակությանը պարզաբանել է Ավստրալիայի քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության վարչության (CASA) ներկայացուցիչ Փիթեր Գիբսոնը: Դրանք թույլ կտան պարզել անօդաչուի սերիական համարը, ինչպես նաեւ որոշել դրոնի օպերատորի գտնվելու վայրը: Նոր տարվանից ԱԹՍ-ների տերերը պետք է պարտադիր գրանցում անցնեն առցանց ռեժիմով քննություն հանձնելուց հետո:

«Մենք հնարավորություն կստանանք տեսնել, թե անօդաչուների ինչ տեսակներ են օգտագործվում, որտեղ, որքան հաճախ եւ, իհարկե, պարզել, թե դրանք արդյոք պատշաճ ձեւով են օգտագործվում»,-ասել է Գիբսոնը: Ավստրալիայում անօդաչուների օգտագործման նկատմամբ միջոցների խստացման որոշումը, նրա խոսքով, ընդունվել է դեռ մինչեւ Լոնդոնի «Գաթվիկ» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը:

Դեկտեմբերին օդանավակայանի աշխատանքը մի քանի անգամ դադարեցվել է ԱԹՍ-ների թռիչքների պատճառով, ինչը լուրջ անհարմարություններ էր ստեղծել ավելի քան 100 հազար ուղեւորների համար: Բրիտանական ոստիկանությունն այդ միջադեպերը չի որակել որպես ահաբեկչական, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս