Զգոնության կոչ ճանապարհային ոստիկանությունից
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին՝ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին, Ճանապարհային ոստիկանությունը այս տարի էլ շուրջօրյա ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության ողջ տարածքում։
Ճանապարհային ոստիկանությունը ողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու օժանդակությունը:
Հարգելի վարորդնե՛ր, հիշեք, որ պատասխանատու եք ձեր և երթևեկության բոլոր մասնակիցների համար: Անխոհեմ արարքով մի վտանգեք ձեր և այլոց կյանքն ու առողջությունը: Մեքենա վարելու դեպքում բացառեք ոգելից խմիչքի օգտագործումը:
Ուժեղացված ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսևորվի հատկապես անսթափ վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին կոչ է անում պահպանել Տոնի լուսավոր խորհուրդը, բոլոր օրենքների տառն ու ոգին, հարգանքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ:
Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ապահով տարի։