
12 գլուխ ոչխար ու մի այծ հափշտակելու մեջ կասկածվողները բերման են ենթարկվել ոստիկանություն

Չկալովկա գյուղի մի բնակիչ ոստիկանության Սևանի բաժին ահազանգել է, որ անհայտ անձը կամ անձինք, օգտվելով անասնագոմի դուռը կողպված չլինելու հանգամանքից, 12 գլուխ ոչխար ու մի այծ էին հափշտակել:
Դեպքի վայրն ուսումնասիրելուց ու տուժողից հաղորդում վերցնելուց հետո իրավապահները սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շուտով տեղեկություններ են ստացվել, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Վաղարշապատի Կարճիկյան փողոցի բնակիչ Աշոտ Մարտիրոսյանը:
Նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Սևանի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Մարտիրոսյանն այդ գիշեր մենակ չի գործել: Գողությանը մասնակցել էր նաև Մարիետա անունով մեկն` իր ընկերների հետ: Ավելի ուշ քրեական հետախույզները ճշտեցին կնոջ ինքնությունը` Վաղարշապատի բնակչուհի Մարիետա Խաչատրյանն է:
Դեկտեմբերի 25-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում Խաչատրյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին:
Գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: