«Արագիլ» հիմնադրամում վրդովված են Էդուարդ Համբարձումյանի հայտարարությունից՝ նա բարերարների նվիրաբերած գումարներն անվանել է գողացված
Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիա հ/կ-ի նախագահ, «Fertility center» կենտրոնի հիմնադիր, տնօրեն Էդուարդ Համբարձումյանn օրերս իր հարցազրույցներից մեկում անդրադարձել էր «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամին և այն խոսակցություններին, որ հիմնադրամում իր գործունեությունն իրականացրել է ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ։
Ըստ նույն aravot.am-ի՝ «Իմ քայլը» դաշինքը հակված է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի խորհրդի նախագահ տեսնել Էդուարդ Համբարձումյանին, սակայն բժշկական համալսարանում այլ տրամադրություններ են:
Էդուարդ Համբարձումյանը լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր, որ այդ ծրագիրն իրականացրել է առանց որևէ մեկի աջակցության, ավելին՝ «Երազ» անունով բալետ է գրել, որպեսզի կարողանա գումար հայթայթել: «Ինքս բալետ եմ գրել, որպեսզի «Արագիլ» հիմնադրամ ստեղծվի: Դրանից մեկ տարի հետո նոր հովանավորությունը եղել է: Հարցը եղել է զույգերին օգնելը, ոչ թե ինչ-որ մեկի հովանավորությունը… Ինչ արել եմ հազարավոր զույգերի համար, նպատակն այն էր, որ գողացած գումարները ժողովրդին հասնեին, ովքեր երեխա չունեին, ունենային: Այնպես որ, ինձ չեն հովանավորել, զույգերին են հովանավորել: Կուզենամ՝ հիմա էլ հարուստ մարդիկ հիմնադրամներ ստեղծեն, ժողովրդին օգնեն»,- իր խոսքում նշել էր Է. Համբարձումյանը։
168.am-ը «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամից փորձեց ճշտել, թե ի՞նչ գողացված փողերի մասին է խոսքը։
Հիմնադրամից մեզ հետ զրույցում նշեցին, որ շատ վրդովված են՝ Էդուարդ Համբարձումյանի հայտարարության հետ կապված:
«Շնորհիվ Ռիտա Սարգսյանի՝ հիմնադրամին նվիրատվություններ են արել տարբեր երկրների մեծահարուստներ, ինչպես նաև՝ ընկերություններ, և նույնիսկ՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը։ Այդ ո՞վ է ասում, որ այդ գումարները գողացված են։ Երբ 2011 թվականին հիմնադրամը ստեղծվեց, երկու տարի շարունակ հիմնադրամում գումար չկար, չէր ստացվում գումար հայթայթել։ Հիմնադրամը դիմեց տիկին Ռիտա Սարգսյանին, ով լսելով մեր նպատակների մասին՝ այն է՝ աջակցել զույգերին ունենալ երեխաներ, որը Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծման կարևոր ճանապարհներից մեկն է, պատրաստակամություն հայտնեց աջակցել։ Նրա առաջին այցը եղավ Մոսկվա, որտեղ, հավաքելով գործարար կանանց, խոսեց հիմնադրամի մասին և նշեց, որ բոլորի աջակցությունը կարևոր է, քանի որ խոսքն այն զույգերին երեխա պարգևելու մասին է, ովքեր անպտղությամբ են տառապում և չունեն ֆինանսական միջոցներ»,- նշեցին հիմնադրամից։
Հիմնադրամից նաև տեղեկացրեցին, որ հովանավորներից շատերը նույնիսկ որևէ առնչություն չունեն Հայաստանի տնտեսության հետ, ուստի անհասկանալի է Էդուարդ Համբարձումյանի հայտարարությունը, թե փորձել է գողացված գումարները վերադարձնել ժողովրդին:
«Ի՞նչ գողացված փողերի մասին է խոսքը։ Այն, որ ասում է, թե զույգերին է հովանավորել, ինչպե՞ս է հովանավորել, այն դեպքում, երբ զույգերին արհեստական բեղմնավորում իրականացնող բժշկական կենտրոններին հիմնադրամը գումար է վճարել մատուցած ծառայությունների համար, ինչպես նաև տրամադրել համապատասխան դեղորայք։ Մասնավորապես, 2013 թվականից մինչ օրս «Fertility center» կենտրոնին վճարվել է 133 865 000 ՀՀ դրամ։ Չի կարելի նաև ժխտել այն փաստը, որ հիմնադրամը նպաստել է կենտրոնների ակտիվ և անդադար գործունեությանը, ինչպես նաև՝ շահույթի ստացմանը։ Բացի այդ, այն նույն մարդիկ, որոնք հիմնադրամին գումար են տվել, որոնց մեջ եղել է նաև բարերար Սամվել Կարապետյանը, այսօր էլ գումարներ են փոխանցում «Հայաստան» համահայական հիմնադրամին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ հիմնադրամին, հիմա ի՞նչ, այս գումարները կրկին գողացվա՞ծ են, թե՞ այդ հիմնադրամների դեպքում Էդուարդ Համբարձումյանը փոխել է կարծիքը և իր այս հայտարարություններով ցանկանում է մանիպուլյացիաներ անել և հայտնվել շահավետ դիրքերում»,- ասացին հիմնադրամից։
Հիմնադրամից նաև տեղեկացանք, որ Էդուարդ Համբարձումյանը ցանկացել է, որպեսզի զույգերին արհեստական բեղմնավորում անեն միայն իր հիմնադրած բժշկական կենտրոնում, սակայն հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը և խորհրդի մյուս անդամները չեն համաձայնել՝ նշելով, որ կային թվով հինգ բժշկական կենտրոններ, որոնք պետք է իրականացնեն արհեստական բեղմնավորում, ինչն այդքան էլ Է. Համբարձումյանի սրտով չի եղել։
Ընդ որում, թեև Է. Համբարձումյանն իր աշխատանքը ներկայացնում է որպես օգնություն՝ բարեգործություն զույգերին, սակայն նա իր այդ աշխատանքի համար վարձատրվել է նույն այդ հովանավորներից ստացված բարեգործական գումարներից։
Նշենք, որ հիմնադրամի աջակցությամբ 2013 թվականից մինչ օրս Հայաստանում ծնվել են 602 երեխաներ, և սպասում են մոտ ամիսներին ևս 30-ից ավելի երեխաների ծննդի: Այս պահին հարյուրավոր զույգեր էլ գրանցված են՝ որպես շահառուներ։
Ի դեպ, հիմնադրամից նաև նշեցին, որ այս բամբասանքները չեն կարող ստվեր գցել իրենց անվան և գործունեության վրա, իրենք շարունակելու են աշխատել և աջակցել զույգերին։
Զվարթ Խաչատրյան