«Զուտ Ռոբերտ Քոչարյանի գործի տեսակետից գաղտնալսումներն ամբողջությամբ թույլատրելի ապացույցներ են. ձեռք են բերվել ԶԼՄ-ներից, իսկությունը հաստատված է հենց մասնակիցների կողմից». Արամ Օրբելյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդության, Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու ու այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցեց վերջինիս փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանի հետ։

– Այսօր մամուլում հրապարակումներ եղան, որ պատրաստվում եք դատարանին միջնորդություն ներկայացնել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Կալանքի որոշումն անփոփոխ թողնելիս արդյո՞ք դատարանը եկել է այն եզրակացության, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ գտնվելու 4 ամիսներին ազդել է քննության ընթացքի վրա ու փորձել խոչընդոտել այն։

– Թե ինչո՞ւ ենք մենք հիմա դիմում այդ միջնորդությամբ, նաև դրա հետ է կապված, որովհետև դատարաններն այդ հարցին որոշակի ֆորմալիստական մոտեցում են ցուցաբերում։ Երբ Վերաքննիչ դատարանը ստուգում է Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, ինքը ստուգում է այն ծավալով, ինչը եղել է որոշման կայացման պահին։ Այսինքն, վերաքննիչն այդ հարցը քննարկման առարկա չի դարձնում։ Հիմա, որպեսզի այս հարցը քննարկման առարկա դառնա, ինքը 2 տարբեր պարամետրեր ունի։

Երբ որ Նոր տարուց հետո կալանքի ժամկետը երկարացնելու որոշում բերեն, մենք էլ պետք է ասենք, որ մարդն այսքան ժամանակ դրսում է եղել և չի խոչընդոտել քննության ընթացքին։ Բայց քանի որ դա լինելու է մոտ մեկ ամիս հետո, այս փուլում նպատակահարմար գտանք դիմել կալանքը գրավով փոխարինելու միջնորդությամբ, որովհետև դա այն գործիքն է, որի միջոցով այդ 4 ամսվա ընթացքում չխոչընդոտելու փաստական հանգամանքը կարող է քննարկման առարկա դառնալ։ Կոպիտ ասած՝ մենք դատարանին շանս ենք տալիս, որ այդ խնդիրը վերացնի։

– Երեկ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, պատասխանելով ձեր փաստաբանական թիմի այն հայտարարությանը, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դուք անպայման հաղթելու եք, ու Ռոբերտ Քոչարյանի գործը քարուքանդ է լինելու, ասել է. «Եվս մեկ, երկրորդ անգամ արդեն կոչ եմ անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2008թ. նախագահի՝ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրն օր առաջ վիճարկել Սահմանադրական դատարանում, որն ուղղակի պաշտպանական ամբողջ կորպուսին կզրկի որևէ արգումենտից։ Ինչքան էլ այդ Սահմանադրական դատարանը հին իշխանության կողմից ձևավորված լինի, սա ծայրահեղ հակասահմանադրական հրամանագիր է, և չեմ կարծում, որ ՍԴ անդամները չեն ճանաչի դրա հակասահմանադրականությունը»։ Որքանո՞վ եք Դուք սա հավանական համարում։

– Այստեղից մի քանի հարց է առաջանում՝ որքանո՞վ եմ հավանական համարում, որ կդիմեն, որքանո՞վ եմ հավանական համարում, որ կճանաչեն դրա հակասահմանադրականությունը։

Կդիմեն թե չէ, չգիտեմ։ Եթե դիմեն էլ, չգիտեմ՝ ՍԴ-ն վարույթ կընդունի՞, թե՞ չէ, որովհետև ըստ էության առարկայազուրկ է։ Բայց եթե ենթադրենք՝ դա նույնիսկ հակասահմանադրական ճանաչվի, դա չի կարող որակվել՝ որպես սահմանադրական կարգի տապալում։ Բազմաթիվ օրենքներ են ընդունվում, որոնք ինչ-որ մի պահի հակասահմանադրական են ճանաչվում, ընդ որում՝ երբեմն մարդու իրավունքների վերաբերյալ։ Հիմա եթե դա կդարձնի սահմանադրական կարգ տապալել, ուրեմն Հայաստանի բոլոր իշխանությունների բոլոր ներկայացուցիչները մինչև հիմա պիտի դատվեն, ինչը նշանակում է՝ ինչ-որ աբսուրդային եզրահանգում։

Ավելին ասեմ, եթե դիմեն էլ, ես չեմ պատկերացնում, թե ինչով  ինքը հակասահմանադրական պիտի ճանաչվի, որովհետև ՍԴ-ն պիտի գնահատի գործընթացը, իսկ այն ամբողջովին իրավաչափ է եղել։ Հիմքերի առկայությունը գնահատում է նախագահը, խորհրդակցում է ԱԺ նախագահի և վարչապետի հետ, ինչից հետո ընդունում է հրամանագիր, որից հետո էլ ԱԺ նիստ է հրավիրվում, որն էլ քվեարկությամբ որոշում է՝ թողնե՞լ, թե՞ չթողնել այդ որոշումն ուժի մեջ։ Այսինքն՝ հիմք չկա հակասահմանադրական ճանաչելու։ Բայց եթե կդիմեն, թող դիմեն, դեմ չենք լինի։ Կարծում ենք, ՍԴ-ն ուղղակի կհաստատի, որ այդ որոշման մեջ որևէ հակասահմանադրական բան չկա։

ՄԻԵԴ դիմելու ժամկետներն արդեն հայտնի՞ են։

– ՄԻԵԴ մեկ դիմում մենք արդեն ունենք ուղարկած՝ մոտ 2 ամիս առաջ։ Մյուսը պրակտիկորեն պատրաստ է, երեկ քննարկել ենք, ուղղակի տեխնիկական խնդիրներ են մնացել փաստաթղթերի վերջնականացման, ստորագրման։ Մի քանի օրում այս դիմումն էլ կուղարկվի ՄԻԵԴ։

– ՄԻԵԴ-ում գործի քննության ժամանակ գաղտնալսման բովանդակությունները ներկայացվելո՞ւ են։

– Ներկայացվել են արդեն։ Բողոքին կցվում է նաև այդ կտորը։

– Իսկ հնարավո՞ր է, որ, ինչպես մեր դատարաններում են հաճախ անում, այնտեղ նույնպես ասեն, որ այդ գաղտնալսումներն ապօրինի կերպով ձեռք բերված ապացույցներ են ու չեն դիտարկվում։

– Իհարկե հնարավոր է, և միջազգային իրավունքում էլ կան ապօրինի ու օրինական ապացույցների կաղապարներ։ Դատավարության ընթացքում չի կարող ապօրինի ապացույց օգտագործվել։ Դա այն է, ինչ մենք առաջին օրվանից ասում ենք այս գործի շրջանակներում, որ ապօրինի փաստաթղթերի հիման վրա են կալանավորում։ Բայց այդ ձայնագրություններն ամբողջությամբ օրինական ապացույցներ են այդ գործի շրջանակներում։ Կարող է՝ դա դիտարկվի ապօրինի կամ ոչ ապօրինի, երբ դիտարկվի Արթուր Վանեցյանին ու Սասուն Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, թեպետ համոզված չեմ, որ ապօրինի կգնահատվի, որովհետև պաշտոնատար անձինք հարցեր են քննարկել ոչ թե՝ որպես ընկերներ, այլ ակնհայտ երևում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը խոսում է Հատուկ քննչական ծառայության պետի հետ։ Եթե դրանք էլ մի կողմ դնենք, նրանք դրանից հետո ասուլիս են հրավիրել ու հաստատել ձայնագրության իսկությունը։ Դրանից հետո՝ վարչապետի հարցազրույցները, ասուլիսները… Բոլոր այդ նյութերը բավարար են՝ ապացուցված համարելու մի շարք հանգամանքներ։

Զուտ Ռոբերտ Քոչարյանի գործի տեսակետից այդ ձայնագրություններն ամբողջությամբ թույլատրելի ապացույցներ են, որովհետև դրանք ձեռք են բերվել ԶԼՄ-ներից, այսինքն՝ Youtube-ի ձայնագրություն է, և ձայնագրության իսկությունը հաստատված է հենց ձայնագրության մասնակիցների կողմից։

– Քրեակատարողական հիմնարկում ի՞նչ խնդիրների հետ է բախվում 2-րդ նախագահը։

– Որևէ լուրջ խնդիր չկա, զուտ տեխնիկական խնդիրներ են՝ կապված աշխատելու, համակարգչի կիրառության հետ, որն իրավական ու տեխնիկական խնդիր է, այլ ոչ՝ հատուկ վատ վերաբերմունքի։ ՔԿՀ-ներում միշտ էլ տեխնիկական բնույթի խնդիրներ լինում են։

– Ըստ էության, երկրորդ գաղտնալսման մեջ՝ որպես ֆիգուրանտ, նաև Նիկոլ Փաշինյանն է հանդես գալիս։ Դուք դիմե՞լ եք իրավասու մարմնին, որ նա ևս այդ գործով հարցաքննվի։

– Կա քրեական գործ, որը հարուցվել է, և մենք դրա հետ կապված՝ բողոքարկում ունենք։ Մենք դիմել ենք, որ մեզ տուժող ճանաչեն, և մեր դիմումը զարմանալիորեն մերժվել է, և դրա հիմնավորումը, եթե պարզեցնենք, հետևյալն է՝ «Չկա հանցագործություն, դուք էլ տուժող չեք»։ Մենք դա հիմա, իհարկե, բողոքարկում ենք, որովհետև դա ոչ տրամաբանությանն է համապատասխանում, ոչ օրենքի տառին, որովհետև տուժողը չի ճանաչվում հանցագործություն լինել-չլինելու փաստով։ Հանցագործություն եղել է թե ոչ, հաստատվում է միայն գործի ամենավերջում։ Համապատասխան բողոք ենք ներկայացրել, գործընթացները գնում են։

Ցավոք սրտի, վարույթն իրականացնող մարմինն ուղղակի բոլոր բողոքներով, բացի կալանքից, չի ներկայանում. ուղղակիորեն չեն գալիս նիստերին՝ «ծանրաբեռնված ենք, խառն ենք» ու նման կարգի պատճառաբանություններով։ Դրա համար էլ դատարանները նիստերը՝ որպես կանոն, առնվազն մեկ անգամ հետաձգում են։ Այդ բողոքները կան, պարզապես դանդաղ են ընթանում։ Ամանորից հետո ամբողջն ի մի կբերենք ու կտեղեկացնենք։

– Ի՞նչ եք կարծում, կբավարարվի՞ արդյոք գրավի միջնորդությունը։

– Մենք հույս ունենք, որ կբավարարվի։ Հույսը ոչ միայն մեր վստահորդի իրավունքների պաշտպանության տեսակետից է, այլ Հայաստանի իրավապահ համակարգի տեսակետից, որովհետև տրանսֆորմացիա պետք է գնա, ու տեսնում ենք ինչ-որ փոփոխություններ։ Ի՞նչ կլինի՝ չեմ կարող ասել։ Եթե հույս չունենայինք, չէինք դիմի ուղղակի դիմելու համար։ Իսկ թե դատարանը երբ ու ինչպես կբավարարի, կդժվարանամ ասել։

Տեսանյութեր

Լրահոս