Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել ստուգված բոլոր 25 ԱԳԼՃԿ-ներում
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ-ի օգոստոսի 28-ի №1101-Ն որոշմամբ հաստատված «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգի» (այսուհետ` Կանոնակարգ) պահանջների կատարման և պահպանման նկատմամբ: Համաձայն Կանոնակարգի Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում լիցքավորման համակարգի բաղադրիչներին եվ տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացված պահանջների պահպանման նկատմամբ:
2018թ-ի ընթացքում ԱԳԼՃԿ ոլորտում ստուգումներ են իրականացվել թվով 25 տնտեսվարողների մոտ: Բոլոր տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ, մասնավորապես.
- գազը լիցքավորվում է խորանարդ մետրով՝ կիլոգրամի փոխարեն,
- գազի ճնշումը գերազանցում է թույլատրելի՝ 19.6ՄՊա, չափը,
- օգտագործվող չափման միջոցները ստուգաչափված չեն,
- լիցքավորման աշտարակների վրա բացակայում են լիցքավորման ճիշտ եղանակը նկարագրող հրահանգները:
Տեսչական մարմինը հորդորում է տնտեսվարողներին՝ լինել բարեխիղճ, խուսափել խախտումներից (սահմանված չափից ավելի գազ լիցքավորելը կարող է դժբախտ հետևանքներ ունենալ), իսկ սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր և համագործակցել Տեսչական մարմնի հետ: