Բաժիններ՝

«Մշակույթի նախարարությունը կռտում, տալիս ենք Քաղաքաշինության կոմիտեին, սա խնդիր է». Պավել Ավետիսյան

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի համաձայն՝ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունը կմիավորվի Կրթության և գիտության նախարարությանը։

«Ցանկացած կառույցի փոփոխություն, իմ կարծիքով, պետք է մեկ նպատակ ունենա՝ ավելի հզորացնի ազգային կառույցները, որովհետև իրականությունն այն է, որ շրջապատված ենք գերազգային պետություններով, և միայն մեկի հետ ունենք բարիդրացիական հարաբերություններ: Ադրբեջանն ու Թուրքիան ՝ պետական մակարդակով բացահայտ վանդալիզմով են զբաղված տասնամյակներ շարունակ, և ԱԳՆ որևէ նախարարի բերանից չենք լսել, որ ասեր՝ վանդալ պետության ԱԳՆ-ի հետ մեզ մի՛ ստիպեք մեկ սեղանի շուրջ նստել:

Չասացին՝ չենք կարող համաշխարհային ճանաչում և նշանակություն ունեցող պատմական հուշարձանները ոչնչացնող, Հին Ջուղայի գերեզմանները փոշիացնող երկրի ներկայացուցչի հետ մի սեղանի շուրջ նստել: Հիմա արմատական փոփոխություններ են եղել, նոր հույսեր են արթնացել: Իմ հույսերն ազգային դաշտում են՝ մեր ողնաշարը շտկելու, ավելի պնդացնելու առումով, բայց հիմա հանկարծ տեսնում ենք, որ Մշակույթի նախարարությունը օպտիմալացնում են, Սփյուռքի նախարարությունը՝ լուծարում: Ինչպե՞ս կարելի է: Ազգի մեծ մասը Հայրենիքում չի ապրում, ինչո՞ւ չպետք է ունենա այդ կառույցը, գուցե ձևեր գտնեին ու ավելի՞ հզորացնեին: Հույս ունեմ, որ բանականությունը կհաղթանակի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ հավելելով,- Հիշում եմ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Չերչիլին դիմում ու ասում են, որ ռազմական ծախսերը շատ են, եկեք որոշ տեղերի բյուջեից, այդ թվում՝ Մշակույթի նախարարությունից, կտրենք, Չերչիլը պատասխանում է՝ բա այս պատերազմն ինչի՞ համար է, եթե մշակույթի բյուջեն պետք է կրճատենք»:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն էլ անդրադարձավ Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության հատվածը Քաղաքաշինության կոմիտեին միացնելու որոշմանը:

Կարդացեք նաև

«Ուզում եմ հասկանալ՝ այս փոփոխություններն ավելի լավի՞ են տանում, թե՞ հակառակը: Անլուծելի խնդիրներ են առաջանալու: Ես բարձրաձայն հայտարարում եմ՝ Երևան քաղաքի 2/3-րդ-ը հուշարձանակիր տարածքների վրա է կառուցվել: Հաջորդը Վանաձորն է, որի 4-3-րդ մասը տարածական առումով հուշարձանակիր տարածքների վրա է: Նույնը նաև՝ Հրազդանը, Բջնին, ու այս ամենը՝ քաղաքաշինական ծրագրերի հետևանքով: Միայն Երևան քաղաքում, Թամանյանից սկսած՝ մենք կառուցել ենք հին Երևանի վրա, ու այն, ըստ էության, կորել է: Այսինքն, քաղաքաշինությունն ու հուշարձանների պահպանությունը հակառակ բևեռներում են: Մշակույթի նախարարությունը կռտում, տալիս ենք Քաղաքաշինության կոմիտեին, սա խնդիր է»,- նշեց Պավել Ավետիսյանը:

Բանախոսները հույս հայտնեցին, որ իրենց մտահոգությունները հաշվի կառնեն, քանի որ որոշում կայացնելուց առաջ այս ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումներ չեն եղել:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս