
Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ

ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն առաջին ատյանի դատարան՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկը՝ Արամ Օրբելյանը:
«Հավանականությունը շատ մեծ է, որ հարցը քննարկվի հաջորդ տարի՝ չնայած հույս ունենք, որ այս տարի պետք է նշանակեն նիստը՝ հաշվի առնելով, որ ազատության հետ կապված խնդիր է»,- ասաց Օրբելյանը:
Դատապաշտպանն ընդգծեց, որ գումար չեն նշելու, այլ թողնելու են դատարանի հայեցողությանը:
«Որպես կանոն դատարանն է նշում գումարի չափը, և իմաստ չունի հիմա գումար ասենք, շատ, թե քիչ լինելու խնդիր առաջանա: Հույս ունենք, որ եթե այս տարի նիստը եղավ և միջնորդությունը բավարարվեց, կհասցնենք նաև վճարել»,- նշեց Օրբելյանը:
Նա հավելեց, որ միջնորդություն ներկայացնելու են այսօր`փաստաթղթերը տպելու փուլում են: