
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի արվարձաններին

Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները դեկտեմբերի լույս 26-ի գիշերը կարողացել են դիմագրավել հրթիռային գրոհը Դամասկոսի հարավային եւ արեւմտյան ծայրամասերի վրա՝ խոցելով ութ իսրայելական հրթիռ: Այս մասին հայտնել է An Nashra նորությունների պորտալը:
Պորտալի տեղեկություններով՝ հակառակորդը Սիրիայի մայրաքաղաքի վրա հարձակման ընթացքում օգտագործել է նաեւ անօդաչուներ: Ինչպես հաղորդել է Syria կառավարական հեռուստաալիքը, Սիրիայի վրա ագրեսիվ հարձակումն իրականացվել է Լիբանանի օդային տարածությունից: Սիրիացի զենիթայիններին հաջողվել է դիմագրավել հակառակորդի մի քանի գրոհներ, որոնք հաջորդել են մեկը մյուսին:
Al-Hadath հեռուստաալիքի տեղեկություններով՝ իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել շիաների «Հըզբոլլահ» միլիցիայի եւ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի ռազմական օբյեկտներին ու պահեստներին, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից: Առնվազն երեք օբյեկտ է ոչնչացվել մայրաքաղաքի Էլ Քիսվա եւ Դիմաս արվարձաններում, պնդում է Al-Hadath-ը:
SANA գործակալության տվյալներով՝ առնվազն երեք սիրիացի զինծառայողներ են վիրավորվել Դամասկոսի արեւմտյան մասի հրթիռակոծման ժամանակ: An Nashra պորտալի տվյալներով՝ Իսրայելի տարածքում մի քանի հրթիռ է ընկել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: