Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում տեղի է ունեցել երկու Կորեաների երկաթուղիների միավորման խորհրդանշական արարողությունը

ԿԺԴՀ-ի Փանմուն երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Հարավային ու Հյուսիսային Կորեաների ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների արդիականացման ու վերամիավորման համատեղ նախագծի բացման խորհրդանշական արարողությունը: Ինչպես հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը, արարողությունն սկսվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 5:00-ին) սահմանամերձ Քեսոն քաղաքի Փանմուն կայարանում:

Միջոցառմանը մասնակցելու համար ավելի վաղ ԿԺԴՀ-ի երկաթուղային կայարան էր ժամանել հատուկ գնացքը հարավկորեացի հարյուր մասնակիցներով: Նրանց թվում էին՝ տրանսպորտի նախարար Կիմ Հեն Մին, միավորման գործերի նախարար Չո Մեն Գյունը, խորհրդարանական ղեկավարներ եւ այլ պաշտոնատարներ:

ԿԺԴՀ-ի պատվիրակությունը ներկայացնում էին երկրի երկաթուղիների փոխնախարար Կիմ Յուն Հեկը, ինչպես նաեւ Կորեայի խաղաղ միավորման կոմիտեի նախագահ Ռի Սոն Գվոնը: Բացի այդ, միջոցառմանը մասնակցել են ՄԱԿ-ի, ինչպես նաեւ Ռուսաստանի, Չինաստանի եւ Մոնղոլիայի ներկայացուցիչները:

Ինչպես ընդգծում է գործակալությունը, արարողությունը գնահատվում է որպես Հարավային ու Հյուսիսային Կորեաների ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների արդիականացման ու վերամիավորման համատեղ նախագծի խորհրդանշական գործարկում, այլ ոչ թե աշխատանքների փաստական սկիզբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս