Ախտանշաններ, որոնք վկայում են յոդի անբավարար մակարդակի մասին

Յոդի քրոնիկական անբավարարության առաջին ախտանշաններից են ուժերի անկումը, թուլությունը, քնկոտությունը: Med2.ru-ի հաղորդմամբ՝ յոդն ամենակարևոր միկրոտարրերից է, որը մասնակցում է մի շարք ֆիզիոլոգիական գործընթացների: Այս տարրի քրոնիկական անբավարարությունը հանգեցնում է լուրջ խանգարումների:

Քրոնիկական հոգնածություն: Երբ օրգանիզմին երկար ժամանակ չի բավարարում յոդի մակարդակը, նկատվում են թուլություն, հոգնածություն, որն ուղեկցվում է մկանային թուլությամբ:

Այտուցվածություն: Յոդի մակարդակի նվազման դեպքում այտուցվածությունը հաճախ նկատվում է աչքերի, ոտքերի ու ձեռքերի հատվածում: Հաշվի առեք, որ նման դեպքերում միզամուղ միջոցների ընդունումը ոչ միայն անիմաստ է, այլև կարող է վտանգավոր լինել: Միզամուղ դեղամիջոցների ընդունման դեպքում օրգանիզմից դուրս են գալիս նաև օգտակար նյութերը, ինչը հանգեցնում է հավասարակշռության խախտման:

Դաշտանային ցիկլի խանգարում: Յոդի անբավարար մակարդակը կանանց շրջանում կարող է ուղեկցվել դաշտանային ցիկլի խանգարմամբ: Երբ յոդի մակարդակը նվազում է հղիության ընթացքում, այն կարող է բացասաբար անդրադառնալ պտղի վիճակի վրա:

Կարդացեք նաև

Իմունիտետի անկում: Հաճախակի մրսածությունը կարող է յոդի պակասի հետևանք լինել: Այս տարրի մակարդակի նվազման դեպքում օրգանիզմն առավել խոցելի է դառնում վիրուսների, բակտերիալ և սնկային վարակների հանդեպ:

Երկաթ պակասորդային անեմիա: Յոդի անբավարար մակարդակը հաճախ կարող է ուղեկցվել արյան մեջ երկաթի մակարդակի նվազմամբ: Որպես կանոն՝ այս դեպքերում անեմիան վառ արտահայտված չի լինում և նկատելի է դառնում, երբ օրգանիզմում արդեն հիպոթիրեոզ է զարգանում (վահանաձև գեղձի ակտիվության անկում, որը կապված է յոդի անբավարարության հետ): Հիվանդին անհանգստացնում են աղմուկն ականջներում, թուլությունը, մաշկի գունատությունն ու գլխապտույտը:

Ավելորդ քաշ: Յոդն անհրաժեշտ է վահանաձև գեղձի բնականոն աշխատանքի համար: Այս գեղձը հորմոններ է արտադրում, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում նաև նյութափոխանակությանը: Յոդի մակարդակի նվազման դեպքում վահանաձև գեղձը կարող է քիչ քանակով հորմոններ արտադրել, ինչը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման:

Ինտելեկտուալ կարողությունների վատացում: Այս տարրի մակարդակի նվազումը կարող է հանգեցնել հիշողության, ինտելեկտուալ կարողությունների վատացման:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս