Ովքեր են նորաստեղծ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրները
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն այսօրվա ասուլիսին հայտարարեցին, որ նոր կուսակցության ստեղծումը նպատակ ունի ձևավորել ժամանակակից ազգային օրակարգ։ Նոր կուսակցությունը պատրաստվում է զբաղեցնել հայաստանյան քաղաքական դաշտի ազգային-առաջադիմական, աջակենտրոն հատվածը։
Կուսակցությունը սկսում է անդամներ հավաքագրելու գործընթացը։ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն են Ավետիք Չալաբյանը, Արա Գասպարյանը, Արա Հակոբյանը, Հայկ Շեկյանը, Իգոր Զարգարյանը, Վարդան Մարաշլյանը։
Ավետիք Չալաբյանը 2006թ. զբաղվում է ակտիվ հանրային գործունեությամբ, «Արար» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների համահիմնադիրն է և հոգաբարձու։
Արա Գասպարյանն «Ազգային օրակարգ» հիմնադրամի տնօրենն է։ 2009թ. աշխատել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներքին անվտանգության վարչությունում՝ վերջին տարիներին ղեկավարելով ռազմական անվտանգության բաժինը։ Պատմական գիտությունների թեկնածու է և ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ։
Արա Հակոբյանն «Ազգային օրակարգ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Նախկինում եղել է ՀՀ դեսպանը Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում, Ինդոնեզիայում, աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական, եղել ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ, ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության միջազգային կազմակերպությունների, օրենսդրության և իրավաբանության գլխավոր վարչության պետ։ Աշխատել է միջազգային կազմակերպություններում։
Իգոր Զարգարյանը «Սոյուզ» բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենն է։ Համահիմնադրել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, «Արար» հիմնադրամի հոգաբարձու է։
Վարդան Մարաշլյանն էլ, որը Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի թեկնածու էր, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրն է և ներկայիս գործադիր տնօրենը:
Արա Հակոբյանն ընդգծեց, որ պատրաստ են համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք ազգային բովանդակություն և ընդհանրություններ ունեն իրենց մոտեցումների հետ:
Խոսելով իրենց կուսակցության համալրման գործընթացի մասին՝ Ավետիք Չալաբյանը նշեց, որ իրենց համար կարևոր է, որ այն օրգանական ճանապարհով լինի, պատրաստվում են իրենց կուսակցությունը համալրել միայն տարբեր ոլորտների որակյալ մասնագետներով, մարդկանցով, որոնք հաջողությունների հասած կլինեն:
«Մենք ուզում ենք ունենալ առողջ քաղաքական դաշտ, մեր հայտը դրանով է պայմանավորված: Մենք ուզում ենք ձևավորել կառույց, որն իսկապես առողջ է, պրոֆեսիոնալ է, բաց է քաղաքացիների համար և ստեղծում է նոր մշակույթ: Իսկ թե ինչ հաջողության կհասնենք, արդեն քաղաքացիների վստահության հարցի հետ է կապված: Հուսանք, մեզնից բացի, այլ ուժեր էլ հանդես կգան և կհարստացնեն ներկապնակը»,- ընդգծեց Ավետիք Չալաբյանը։