Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ իրականության հետ որևէ աղերս չունեցող հրապարակումներ և մտացածին եզրահանգումներ անելուց
ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել.
«Ժամեր առաջ Աշոտ Սարգսյան տվյալներով ֆեյսբուքյան օգտատեր իր էջում առանց անիվների մեքենայի լուսանկար է հրապարակել, նշելով, որ առավոտը բարի չէր հարևանի համար։ Օգտատիրոջ ներկայացրածով մեքենայի անիվները գողացել են։
Նախ տեղեկացնենք, որ ոստիկանությունում նշված մեքենայի անիվների գողության վերաբերյալ ահազանգ չի հնչել։ Այսուամենայնիվ, հրապարակման հիման վրա ոստիկանները հայտնաբերել են մեքենայի տիրոջը։ Վերջինս իր վրդովմունքն է հայտնել մեքենան լուսանկարելու և լուսանկարը սոցցանցում հրապարակելու կապակցությամբ։ Նա հայտնել է նաև, որ անիվները չեն գողացել. ինքն է հանել վերանորոգելու համար։
Ոստիկանությունը այդ օգտատիրոջը և առհասարակ բոլորին հորդորում է զարկ չտալ երևակայությանը, զերծ մնալ իրականության հետ որևէ աղերս չունեցող հրապարակումներ և մտացածին եզրահանգումներ անելուց»: