Կառավարությունում հերթականությունը խառնել են
ՀՀ նախարարություններում կյանքը «եռում» է, բոլորը շտապում են ավարտել կառուցվածքային օպտիմալացման իրենց բաժին աշխատանքները և ներկայացնել վարչապետին։
«Կառավարության գործունեության և կառուցվածքի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու նախագիծը դեռևս պատրաստ չէ։
Ավարտական տեսքի բերվելուց հետո այն պետք է տեղադրվի իրավական ակտերի e-draft.am կայքում, հանրային քննարկում անցնի, ապա հաստատվի կառավարության նիստում, և նոր միայն ընդունվի խորհրդարանում։
Այս ամբողջ գործընթացը բավականին երկար ժամանակ է պահանջում, մինչդեռ փակվելու ենթակա նախարարություններում աշխատակիցներին արդեն իսկ փաստի առաջ են կանգնեցրել։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարությունների կրճատումների մասին խոսակցությունները վաղաժամ են և ավելորդ, և ճիշտ կլիներ՝ նախ՝ խորհրդարանը սկսեր աշխատանքը, կառավարությունը ձևավորվեր ու ծրագիր ներկայացներ, որտեղ էլ կգրվեր, հաշվարկներ կբերվեին ու կհիմնավորվեր այդ օպտիմալացման անհրաժեշտությունը։
«Քաղաքական, սոցիալական առումով ճիշտ չէ, դա այդքան հրատապ չէ, ու մարդկանց Ամանորից առաջ դնել պրեսինգի տակ…»,- տարակուսանքը հայտնեց Ա.Մարգարյանը՝ հավելելով, որ դա քաղաքական օրակարգի հարց է։