Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 10 լավագույն մարզիկների մեջ ընդգրկվելը նոր մոտիվացիա է համարում
Ջրացատկի սինքրոն աշտարակացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վլադիմիր Հարությունյանը ուրախ է, որ երկար տարիների աշխատանքը տվեց իր արդյունքը և նրանք տաս լավագույն մարզիկների շարքում են:
«Շատ հաճելի էր, որ մարզիչների և լրագրողների մեծամասնությունը մեզ ընդգրկում է իր 10-յակում: Մենք հետևում էինք ուղիղ եթերով և շատ հուզված էինք: Հպարտ ենք, որ այդքան տեղյակ են մեր արդյունքներից և գնահատում են մեր աշխատանքը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Վերջինս նույնիսկ կատակով հավելեց, որ Լև Սարգսյանի հետ հասցրել են նշել լավագույն 10-յակում ընդգրկվելու փաստը: «Անշուշտ, սա նոր մոտիվացիա կլինի մեզ համար, հաջորդ տարի առավելագույնին ձգտելու համար»,-շեշտեց Վլադիմիրը:
Օգոստոսի 6-ից 12-ը Մեծ Բրիտանիայում կայացած ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնությունը (1-ին տեղ) և Մեծ Բրիտանիան (2-րդ տեղ) ներկայացնող զույգերին։
«Տարվա լավագույն մարզիկների» 10-յակում հայտնվեցին (այբբենական կարգով)՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Թովմասյան, Ֆերդինանդ Կարապետյան, Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան, Արսեն Ղազարյան, Մաքսիմ Մանուկյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Գրիգոր Մխիթարյան, Էդգար Ստեփանյան:
Վարվառա Հայրապետյան